Դավիթ Բաբայան. «Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Ադրբեջանն անում է իր սեւ գործը»


Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 13-ի և լույս 14-ի գիշերը կրկին անհանգիստ է եղել. հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց: Այս մասին հաղորդել է Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի լրատվական ծառայությունը՝ շեշտելով, որ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը պատրաստվում է ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել: Սահմանային լարվածության եւ զորավարժություններ անցկացնելու Ադրբեջանի մտադրության շուրջ մեր գործընկերը զրուցել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Սահմանները վերահսկվում են, և մեր բանակը, ինչպես միշտ, ռազմավարական նախաձեռնողականությունն իր ձեռքն է պահում՝ շեշտեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։
Ինչ վերաբերում է ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու Ադրբեջանի քայլին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նախ շեշտեց, որ Արդրբեջանն այդ զորավարժություններն, ըստ էության, անցկացնում է Վիեննայի փաստաթղթի հետ կապված որոշակի պայմանների խախտմամբ:
«9 հազար զինծառայող եւ ավելի ներգրավվածություն ունեցող զորավարժությունները կանխավ, Վիեննայի փաստաթղթի 41.1-ի համաձայն, պետք է վաղուց իրազեկվեին ԵԱՀԿ-ին, բայց չեն իրազեկվել»:
Փասթաթղթով սահմանված դրույթի խախտման մասին հայկական կողմն արդեն տեղեկացրել է ԵԱՀԿ-ին եւ սպասում է պատշաճ արձագանքի՝ տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով.
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ հատկապես հենց ապրիլին զորավարժություններ անցկացնելը հակառակորդի համար նաեւ որոշակի խորհուրդ ունի: 2016-ի ապրիլը նրանց համար կատարյալ ձախողում էր եւ հիմա փորձում են ինչ-որ զորավարժություններով ոտնահարված արժանապատվությունն ինչ-որ ձեւով բարձրացնել: ԼՂՀ-ում նույնպես լուրջ մտահոգության առիթ չեն տեսնում:
«Մենք, իհարկե, ուշի-ուշով հետեւում ենք այդ ամենին: Համապատասխան քայլեր էլ ձեռնարկվում են՝ խաղաղությունն ու կայունությունը պահպանվելու է այսուհետ եւս, որովհետեւ մեր բանակն ի վիճակի է ցանկացած պահի պաշտպանել այդ խաղաղությունն ու կայունությունը»: