Մշակույթ

Էլժբետա Պենդերեցկա. «Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ»

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հնչեցրել է Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։

«Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլժբետա Պենդերեցկան, ներկայացնելով իր տպավորությունները, ասել է, որ համերգն ապացուցեց, որ Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. «Նվագախմբին գնահատեց ոչ միայն լեհ, այլև միջազգային արվեստասեր հանրությունը»։

Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ հպարտության, ուրախության, հուզմունքի զգացումներ են ապրում, քանզի մեր ժողովրդի տաղանդավոր երիտասարդները լեհ հանդիսատեսին են ներկայացրել հայ դասական երաժշտությունն անվերջանալի թվացող ծափահարությունների ներքո։

Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ստեղծման 650-ամյա հոբելյանին։ Համերգին նվագախմբի հետ հանդես են եկել մենակատարներ Նարեկ Հախնազարյանը (թավջութակ) և Յարոսլավ Նադրզիցկին (ջութակ)։

Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոմկևիչ Վալցը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Լեհաստանի հասարակական-քաղաքական և մշակութային հեղինակավոր գործիչներ, արվեստաբաններ, լրագրողներ և այլք:

Back to top button