Մշակույթ

Քարանձավների վարձակալության մրցույթում մասնագետները վտանգներ են տեսնում


ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի», «Արենի 1», «Արջի, «Մոզրովի» և «Քարե դռներ» քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար: Ընտրվել են պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող դիտարժան այն քարանձավները, որոնք հնարավոր է օգտագործել զբոսաշրջության նպատակով՝ առանց խախտելու անվտանգության կանոնները` նշում են նախարարությունում։ Սակայն Քարանձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանը վարձակալության մրցույթի  հայտում մի շարք վտանգներ է տեսնում: Ըստ նրա՝ պահանջները, որոնք ներկայացված են մրցույթին մասնակցելու փաստաթղթում, արդեն իսկ հուշում են, որ հիմքում բոլորովին էլ քարանձավների պահպանությունը չէ:

Հայաստանի տարածքում գտնվող պատմական և մշակութային քարանձավները զբոսաշրջության նպատակով օգտագործելու հարցը բարձրացվել է դեռ 2015 թվականի դեկտեմբերին և կառավարությունը հաստատել է այն: Ըստ այդմ՝ մշակույթի նախարարությունը մարտի 28-ից պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել:

Նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանի տեղեկացմամբ, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ հարցը մանրազնին քննարկելուց հետո ընտրվել են այն քարանձավները, որոնք հնարավոր է օգտագործել զբոսաշրջության նպատակով՝ առանց խախտելու անվտանգության կանոնները: Պահպանության պատշաճ պայմաններն ու պահանջները սահմանելու նպատակով, խորհրդակցելով բնապահպանների, քարանձավագետների, հնագետների և այլ մասնագետների հետ, որոշվել է վարձակալության հանձնել «Մագելանի» , «Արենի 1», «Արջի, «Մոզրովի» և «Քարե դռներ» քարանձավները:

Այս որոշումը, սակայն, իրարանցում է առաջացրել մի շարք քարանձավագետների շրջանում, ովքեր մտավախություն ունեն, որ դրա արդյունքում հուշարձանները կտուժեն: Հուշարձանների ոչնչացման վտանգ է տեսնում նաև Քարանձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանը:

Թե ինչու է քարանձավագետը հոռետեսորեն տրամադրված, փորձեցինք պարզել հենց իրենից: Պարզվում է, որ պահանջները, որոնք ներկայացված են մրցույթին մասնակցելու փաստաթղթում, արդեն իսկ հուշում են, որ հիմքում բոլորովին էլ քարանձավների պահպանությունը չէ:

Միաժամանակ  մրցույթին մասնակցողներից պահանջվում են մի շարք նյութեր, որոնք դժվար է  45 օրվա ընթացքում հավաքել և ներկայացնել: Լավագույն դեպքում՝ առնվազն 18 ամիս պետք է այդ նյութերը հավաքելու համար՝ նկատեց Քարանձավագիտական կենտրոնի ղեկավարը: Իրականում՝ Սամվել Շահինյանը լուրջ հիմքեր ունի կասկածելու, որ առանձին մարդիկ բիզնես շահեր են հետապնդում:

Թե ինչքանով են Սամվել Շահինյանի մտավախություններն իրատեսական, փորձեցինք պարզել հենց մշակույթի նախարարությունից:

Մրցութային հանձնաժողովի քարտուղար Արսեն Սողոմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ ծրագրի գնահատողներից մեկն էլ հենց Սամվել Շահինյանն է եղել:

Նշենք, որ մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական, իրավաբանական անձիք, նախատեսվում է նաև համատեղ օգտագործման հնարավորությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button