ԿարևորՔաղաքական

Սկանդալային ձայնագրությունը՝ հեռացող խորհրդարանի ճեպազրույցներում


131-ից առավելագույնը 16 պատգամավոր էր այս շաբաթ ներկայանում աշխատանքի՝ ԱԺ քառօրյա նիստերում աշխատելու համար: Քվորումի բացակայության պատճառով այս շաբաթ նիստերը չկայացան: Որոշ գնահատականների համաձայն, այն վերջինն էր 5-րդ գումարման խորհրդարանի համար: Հեռացող ԱԺ- ն աչքի ընկավ մի շարք հիմնարար օրենքների մշակմամբ եւ ընդունմամբ: Դրանց թվում են նոր Սահմանադրությունը, նոր Ընտրական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը, Հարկային օրենսգիրքը: Այսօր, ըստ էության նաեւ վերջին ճեպազրույցներն էին խորհրդարանում: 5-րդ գումարման Աժ-ում ներկայացված 6 ուժերից ընդամենը երկուսը ասելիք ունեին, մնացածն այլեւս չեն կարեւորում ճեպազրույցներին ներկայանալը եւ ըստ էության՝ խորհրդարանական ընտրություններից հետո այլեւս որեւէ ասելիք չունեն:

Հեռացող խորհրդարանը ընդհանուր առմամբ ընդունել է 1020 օրենք եւ վավերացրել 190 միջազգային պայմանագիր: Այս խորհրդարանում գրանցվեց իշխանության ու ընդդիմության «բուռն համագործակցության» շրջան: Դա ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին էր:  Հագեցած էր նաեւ հեռացող խորհրդարանի վերջին շրջանը, շատերը փորձում էին կրկին հայտնվել խորհրդարանում եւ հենց այդ ծավալուն աշխատանքի պատճառով էր, որ տապալեցին նախորդ քառօրյա նիստերը, տապալվեց նաեւ այս շաբաթվա քառօրյա աշխատանքը: Որպես կանոն այս շաբաթ աշխատավայր են եկել այն պատգամավորները, ովքեր նոր խորհրդարանում այլեւս չեն լինի: Երեկ նույնիսկ ԱԺ դահլիճում վերջին, այսպես ասենք, «ավարտական խմբակային լուսանկարն» արեցին:

Հրաժեշտի խոսքեր այսօր շտապեց ասել հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: ՀԱԿ խմբակցությունից գործընկեր Արամ Մանուկյանն այլ հաշվարկներ ունի:

«Իմ ժամկերտը ավարտվում է մայիսի վեցին»:

Հիշեցնենք՝ այս ժամկետների առումով հին ու նոր Սահմանադրություններն իրար հակասում են: Փաստացի ստացվել է այնպես, որ գործող խորհրդարանի ժամկետը դեռ չավարտված նորի աշխատանքային օրերն են նշանակվում: Թեեւ այստեղ կա խնդիր՝ ՀԱԿ-ը ՍԴ-ում վիճարկում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մինչեւ դատարանը որոշում չկայացնի՝ նոր խորհրդարանը չի կարող գումարել իր առաջին նիստը:  Իսկ այստեղ հաշվարկները հետեւյալն են. ՍԴ-ում գործը քննելու եւ որոշում կայացնելու համար վերջնաժամկետը ապրիլի 29-ն է: Եթե որոշումը կայացնի հենց այդ օրը, ապա դրանից հետո երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին տեղի կունենա նոր ԱԺ առաջին նիստը: Բայց եթե ՍԴ-ն որոշում կայացրեց ապրիլի 29-ից ավելի շուտ, ասենք ապրիլի 21-ին, ապա հենց այդ օրվանից պետք է հաշվարկել 3-րդ հինգշաբթի օրը:

Այս պահին ինտրիգը ոչ միայն ՍԴ-ում, այլեւ հենց խորհրդարանում եւ քաղաքական ուժերի ներսում է: Երեկվանից, օրինակ, համացանցում տարածում է ստացել մի ձայնագրություն, որտեղ ընտրողներին, ըստ էության, ահաբեկում են, սպառնում եւ նվաստացնում: Ձայնագրությունն արվել է «SAS գրուպ»-ի աշխատողների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նրանց հանձնարարվել է ձայներ ապահովել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հանրապետական կուսակցության անդամ Արտակ Սարգսյանի համար:

Եվ այսպես 39 րոպե 43 վայրկյան ձայնագրություն, որտեղ հնչում են անուն-ազգանուններ, ինչը պետք է որ հեշտացնի ասենք՝ իրավապահների աշխատանքն իրականությունը բացահայտելու համար:  Արդյո՞ք այս ձայնագրությունը բավարար կլինի 2- րդ ընտրատարածքում ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչելու համար։ Հարցին դժվարանում է պատասխանել նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրապայքարում պարտված պատգամավոր Արամ Մանուկյանը: Հստակ ասում է՝ ՍԴ-ում սա քննարկման առարկա կդառնա, իսկ մնացած զարգացումներն ընդունում է հումորով:

Համացանցում տարածքում գտած ձայնագրության մասին հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին տեղեկացրել են, կուսակցության ներսում ինչ կորոշվի այս հարցի առնչությամբ դեռ չի կարող ասել, քանի որ անձամբ էլ դեռ չի լսել:

Խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրապայքարի մեջ էր մտել նաեւ հենց Վահրամ Բաղդասարյանը: Իր ընտրատեղամասում բացառեց ահաբեկումները: Հնարավո՞ր է, որ մի օր էլ իր մասնակցությամբ նման ձայնագրություն հրապարկվի հարցին, Բաղդասարյանը պատասխանեց, որ երբ նման բան կլինի, ինքն ի վիճակի է տալ այդ հարցերի պատասխանները:

Ցուցադրել ավելի
Back to top button