ԿարևորՄշակույթՑեղասպանություն 100

Շառլ Ազնավուրի ընտանիքին նվիրված «Փրկիչներ և մարտիկներ» գրքի շնորհանդեսը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


«Որպես հայ, դուք պետք է հպարտանաք Ազնավուրյանների ընտանիքի այս հերոսական ու զարմանալի պատմությամբ»,-այսօր ասել է հրեա մտավորական Յաիր Օրոնը, ով Երևանում է Շառլ Ազնավուրի ընտանիքին նվիրված «Փրկիչներ և մարտիկներ» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսի առիթով: Նշենք, որ Յաիր Օրոնը հայնի է, մասնավորապես, Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված ակտիվ գործուներությամբ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման մանրամասները` «Ռադիոլուրի» եթերում:

 

«Շատ հպարտ եմ, որ Ազնավուրյանների ընտանիքը՝ Շառլն ու Աիդան ընտանեկան այդ գաղտնիքն առաջին անգամ ինձ են փոխանցել: Իհարկե, Շառլը աշխարհահռչակ երգիչ է, բայց դուք, որպես հայ, պետք է հպարտանաք նաև Ազնավուրյանների ընտանիքի այս հերոսական ու զարմանալի պատմությամբ»:

Ազնավուրյանների ընտանիքի հերոսական ու զարմանալի պատմությունը հրեա գրող, մտավորական  Յաիր Օրոնը, որը հայնի է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանութան ճանաչմանն ուղղված ակտիվ գործուներությամբ, ամփոփել է իր «Փրկիչներ և մարտիկներ» գրքում, որը տպագրվել է նախ եբրայերեն, ապա թարգմանվել մի քանի լեզուներով: Գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը, հեղինակի ներկայությամբ,  այսօր տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Ես շատերի հետ եմ զրուցել ու պարզել, որ Ազնավուրյանների ընտանիքի այս պատմությունն անհայտ է բոլորին: Մի անգամ Աիդայի հետ զրուցելիս նա ասաց. «Շառլը կարող է երգել միլիոնավոր մարդկանց առաջ, բայց իրականում չափազանց համեստ ու ամաչկոտ մարդ է: Երբ այդ մասին խոսեցի Շառլի հետ ասաց. «Համեստությամբ հորս եմ նման  և շատ ուրախ եմ դրա համար»: Ցեղասպանության հետևանքով որբացած Շառլի ծնողները՝ Միշան ու Քնարը, Ֆրանսիայի բռնազավթման տարիներին չորս տարի շարունակ իրենց տանն ապաստան են տվել  որսի թիրախ դարձած հրեաներին: Ֆրանսիական ոստիկանությունը հաճախ էր նրանց այցելում, բայց  Շառլի ծնողներն անում էին այն, ինչ իրենց պարտքն էին համարում, առանց գեթ մեկ վայրկյան անգամ մտածելու, որ վտանգում են իրենց ու երեխաների՝ Շառլի և  Աիդայի կյանքը»:

Ինչու այս պատմությունը տեղ չի գտել Շառլ Ազնավուրի հեղինակած կենսագրական և ոչ մի գրքում: Ինքը՝ շանսոնյեն պարզաբանել է.

«Այն, ինչ մենք անում էինք բռնազավթման տարիներին, մեզ շատ բնական էր թվում, ու մենք մեր ծնորղների արածը կամաց-կամաց մոռացանք մինչև այն օրը, երբ  Յաիր Օրոնը եկավ ու մեզ հետ  խոսեց այդ ամենի մասին…Յաիրը բարի մարդ է, սու՛րբ մարդ: Գրելով այս գիրքը՝ նա մեզ համար բացահայտել է մեր իսկ էությունը, նա մտել է հայոց պատմություն ու կմնա այնտեղ հավերժ: Ինչ-որ չափով նա իր հերթին դառնում է այն, ինչ հրեաներն անվանում են «Արդար»:

Իսրայելցի հետազոտող ու դասախոս Յաիր Օրոնը ցեղասպունությունների, արդի հուդդայականության և իսրայելապաղեստինյան  հարաբերությունների մասնագետ է: Ապրում է  Նեվեհ Շալոմ-Վահատ էլ Շալոմում, որը միակ  հրեա-պաղեստինյան խառը համայնք է Իսրայելում: Յաիր Օրոնը պատմեց, որ այս համայնքում կա պուրակ, որտեղ պարգևատրում են մարդկանց, ովքեր իրենց կյանքը վտանգելով, օգնել են ուրիշներին:

«Հոկտեմբերին Շառլը կայցելի մեր գյուղ՝ ստանալու իր ընտանիքի արժանի պարգևը: Ազնավուրյանների ընտանիքն այս պուրակում կունենա նա նաև ձիթապտղի իր ծառը: Կարծում եմ, որ Շառլի համար ևս շատ կարևոր է այս հանդիպումը: Նա խոստացել է գալ թոռնների հետ, որպեսզի նրանք էլ առնչվեն իրենց ընտանիքի այս պատմությանը»:

«Ես քննադատել եմ ու կշարունակեմ քննադատել Իսրայելի կառավարությանը, քանի դեռ այն չի  ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա մեր կառավարության բարոյական ձախողումն է: Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կառավարությունը դավաճանում է սեփական հիշողությանը»,- ասում է հրեա գործիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button