

Խորհրդարանական ընտրությունների ավարտված գործընթացը դեռևս շարունակվում է բողոքարկման փուլում: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները վիճարկում է Սահմանադրական, իսկ ՕՐՕ-ն՝ վարչական դատարանում, մի քանի տասնյակ բողոքներ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունից և դեռ որոշումներ պետք է կայացնի: Ով ինչ է վիճարկում, ինչ հիմքերով և ինչ պահանջներով:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարանում կկենտրոնանա հատկապես երեք հարցի վրա՝ վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք և վերահսկովող քվեարկություն: Այս գործոններն, ըստ դաշինքի ներկայացուցիչների, ազդել են քվեարկության արդյունքների վրա: Հետևաբար վիճարկում են ընտրությունների օրինականությունը և պահանջում են չեղյալ ճանաչել դրանք:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է՝ կարևորը այնքայն ՍԴ-ի որոշումն է, որքան այդ փաստերը բաձրաձայնելը:
Մեկ այլ ուղղությամբ էլ բողոքարկումը շարունակում էր ՕՐՕ դաշինքը: Այս ուժը կասկածի տակ էր դնում ընտրողների մասնակցության պաշտանական թիվը և կասկածները փարատելու համար դիմել էր ԿԸՀ՝ մատնահետքերի համադրում կատարելու և հնարավոր համընկնումները պարզելու պահանջով։
ԿԸՀ-ն մերժել էր դիմումը՝ պատճառաբանությամբ, որ այդ գործընթացը բարդ և երկարատև է: ԿԸՀ-ի մերժումը ՕՐՕ-ն որոշել էր վիճարկել վարչական դատարանում:
Վարչական դատարանն այսօր ավարտեց հայցի քննությունը և մերժեց ՕՐՕ-ի պահանջը: Որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանն ասաց՝ կասկածները փարատված չեն:
«Դեռ չեմ կարծում, որ պայքարը դրանով կավարտվի, սա մեկ դաշինքի խնդիր չէ, սա ազգի խնդիր է»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով մոտ 50 դիմում էլ ներկայացրել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Այն , հիշեցնեմ, տեղական ամենամեծ դիտորդական առաքելություններից էր, որը ներկայացաուցիչներ ուներ տեղամասերի մեծ մասում: Հայտնաբերված մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության սկսել է բողոքարկման գործընթաց։
325 բողոք են ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողովներ, հետո դրանց կայացրած որոշումները բողոքարկել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Որոշումներին դեռ սպասոսւմ են:
Գլխավոր խնդիրն, ըստ նախաձեռնության, եղել է վերահսկելի, ուղղորդված քվեարակությունը: Այս գնահատականը եղել է նաև միջազգային դիտորդների, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի նախնական զեկույցում, բայց միևնույն ժամանակ ընդգծվել է, որ այդ խախտումները էական ազդեցություն ընտրությունների ելքի վրա չեն ունեցել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանի գնահատմամբ, այն մեթոդաբանությունը, որով միջազգային դիտորդները հետևում են գործընթացին, թույլ չի տալիս ամբողջությամբ տեսնել իրական պատկերը:
Իշխող կուսկացությունը տարբեր ուղղություններով ընթացող բողոքարկումներին հանգիստ է վերաբերվում և առաջարկում է սպասել այն փաստարկներին, որոնք կներկայացվեն: ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը, սակայն, համոզված է, որ ընտրությունների որակի, խախատումների քանակի լավագույն ապացույցը հետընտրական գործընթացների բացակայությունն է: