Մշակույթ

Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Կարդում է «Ռադիոլուր»-ի լրագրող Արմինե Գեւորգյանը

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Սահյանը ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։  1927 թվականին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն էր, որտեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։
Սահյանին հռչակ են բերել «Նաիրյան դալար բարդի», «Հայաստան ասելիս», «Ախր ես ինչպե՛ս…» և այլ գործեր: Վերջին շրջանի գործերից են` «Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի», «Թող աշխարհը ցավ չունենար», «Որ չքնի հանկարծ», «Հոգնել եմ արդեն», «Տարիներս» և այլ բանաստեղծությունները, «Հայրենի գյուղ», «Վերադարձ» պոեմները: Սահյանը գրել է նաև հայրեններ:
Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Երևանում Սահյանի անունով կոչվել է փողոց, դպրոց, գործում է «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնը, որը սահմանել է Սահյանի անվան հուշամեդալ: 2014-ին՝ բանաստեղծի 100-ամյակին, նրա հայրենի Լոր գյուղում բացվել է գրողի տուն-թանգարանը։

Ցուցադրել ավելի
Back to top button