Քաղաքական

Քաղաքական կոնսուլտացիները մեկնարկել են. Արմեն Աշոտյան


Մեկնարկել են քաղաքական կոնսուլտացիաներ: Դրանց հանրայնացման փուլը դեռեւս չի եկել՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ հարցին: Նա անդրադարձել է նաեւ մամուլում տեղ գտած դիտարկումների վերաբերյալ հարցին այն մասին, թե Դաշնակցությունը ընտրություններից հետո ավելի շատ պորտֆելներ է ուզում, քան ունի այսօր:


Թեպետ մասնագիտությամբ բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակը չափելու մեթոդաբանությունը չգիտեմ՝ այսպես հեգնախառը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հակադարձեց նույնքան հեգնանքով հնչած լրագրողի հարցադրմանը, թե ճի՞շտ են մամուլի հրապարակումները, որ ընտրություններից հետո Դաշնակցության ախորժակն աճել է:

«Բոլոր դեպքերում, որպես աշխարհայացքով բժիշկ, ասեմ, որ բարձր ախորժակը առողջության նշան է»:

Քաղաքական կոնսուլտացիներ են մեկնարկել. աշխատանքային գործընթաց է, որի արդյունքների մասին, բնականաբար, մեր հասարակությունը կտեղեկացվի՝ շեշտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ երբ ավելի լուրջ տոնով անդրադարձավ կոալցիայի ձեւավորման վերաբերյալ հնչած լուրջ հարցին: Մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների համաձայն՝ Դաշնակցությունը նոր կառավարությունում ավելի շատ պորտֆելներ է ուզում, քան այսօր ունի: Հիշեցնենք, որ ներկայումս կառավարությունում Դաշնակցությունն ունի երեք նախարարական պաշտոն: Արդյո՞ք նման պայմանների շուրջ քննարկումներ լինում են՝ հետաքրքրվեցին լրագրողները:

«Աշխատանքային գործընթացում պայմաններ քննարկելը ընդամենը մի բաղադրիչ է եւ դա պայման չէ, դա արդյունք է: Պաշտոնաբաշխությունը, դա կոալիցիոն բանակցությունների արդյունք է, ոչ թե պայման, որովհետեւ դա չէ գերնպատակը, երբ որ համագործակցում են երկու գաղափարական քաղաքական ուժեր»:

Այնուամենայնիվ, բանակցությունները կարծես երկարում են, արդյո՞ք խնդիրներ կան՝ ի պատասխան հարցի Արմեն Աշոտյանն այսպես հակադարձեց. «Ես հասկանում եմ, որ ձեզ խնդիրներ են պետք. այս պահին չեմ կարող ձեզ ուրախացնել: Հավելյալ տեղեկություններ պատշաճ կերպով ձեզ կներկայացվեն, երբ որ գործընթացը դառնա նաեւ հանրայնացման ենթակա»:

Քննարկվող հարցերը հանրայնացնելու ցանկություն եւ մտադրություն առայժմ չկա նաեւ Դաշնակցությունում: Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար եւ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություններ տալ, իսկ քննարկումները շարունակվում են:

Արմեն Աշոտյանն այսօրվա ասուլիսում արձագանքեց նաեւ հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն կոալիցիայի գնում այն դեպքում, երբ խորհրդարանում մեծամասնություն է լինելու: Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ գործող այսօրվա կոալիցիան նույնպես Սահմանադրական պահանջով չի ձեւավորվել եւ ավելի շատ քաղաքական է: Նրա ձեւակերպմամբ՝ նոր կոալիցիան եւս նախեւառաջ կլինի քաղաքական: Այսինքն՝ խնդիրը մեծամասնություն ապահովելը չէ:

Կա ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված քաղաքական տեսլականի հարց, իսկ որոշ դեպքերում նաեւ քվեարկությունների՝ կոալիցիա ձեւավորելու անհրաժեշտության մասին Հանրապետականի մոտեցման պարզաբանումը եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button