Հասարակություն

Սարի թաղի երթը չի ունեցել խաղաղ նպատակ. ՄԻ պաշտպան


Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՄԻՊ-ն ուսումնասիրել է ընտրակաշառքի վերաբերյալ 1000 հրապարակում, որոնցից ավելի քան 100 հրապարակում ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններին: Սրա մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա լրագրողներին հրավիրել էր 2016 թվականի  տարեկան զեկույցը ներկայացնելու համար։

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  2016 թ տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ մի քանի ոլորտներում առկա խնդիրները նշելիս շատ կոշտ գնահատականներ տվեց։ Մասնավորապես՝ անդրադարձավ նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների։ Տեղեկացրեց, որ  այդ գործընթացի վերաբերյալ  հատուկ զեկույցով են  հանդես  գալու, ասաց, որ այն չի հրապարակվել նախընտրական քարոզչության շրջանում՝  հնարավոր շահարկումներից խուսափելու համար։

«Քաղաքացիներին վնասներ պատճառվեցին, հատուկ միջոցների գործադրման արդյունքում երեխաներ վնաս կրեցին»։

Չնայած նշում է, որ ոստիկանությունը գործել է ոչ օրինաչափ, բայց  նկատում է, որ  Սասնա ծռերի համակիրների երթն էլ չի ունեցել խաղաղ նպատակ. նրանք  կոչեր են  հնչեցրել  Սարի թաղի  մութ փողոցներում ու գնացել են միանալու զինված խմբին։

ՄիՊ-ը  արձանագրում է նաև դատախազության թույլ կողմերը՝  մատնացույց անելով Սասնա ծռերի, նրանց կալանավորված  համակիրների քրեական գործերը: Արձանագրում է, որ այդ կառույցը բարեփոխման կարիք ունի։ Անդրադառնալով  արդեն կալանքների պրակտիկային՝ Արման Թաթոյանը նկատում է, որ Հայաստանում գործում է կալանքների անթույլատրելի բարձր շեմ, հետևաբար՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը համարում է   խիստ անհրաժեշտ։

Թաթոյանը անդրադառնալով  Արամ Մանուկյանի՝ Սասնա ծռերի ղեկավար Պավլիկ Մանուկյանի որդու առողջական վիճակին ասաց, որ  պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու պահանջ կա  ու  նրան անհապաղ վնասվածքաբան պետք է  այցելի: Վերջինս խոսեց նաև  Նորքի զինված հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին, ասաց, որ նա պետք է կրկին ենթարկվի հետազոտությունների և տեղափոխվի քաղաքային հիվանդանոց։ Իսկ ահա ՄԻՊ-ի գնահատակները ուղղված Սևանի հոգեբուժարանի տնօրենին ՝առավել խիստ էին ու կոշտ

«Այցելել ենք «Սևան» հոգեբուրաժարան, բացահայտել ենք բազմաթիվ խնդիրներ, գրել ենք առողջապահության նախարարություն, որտեղից ստացել ենք շատ ընդհանրական բնույթի պատասխաններ։ Լրացուցիչ գրությամբ կրկին դիմել ենք, ստացել ենք նաև հոգեբուժարանից պատասխան: Ինչ է պարզվում, որ հոգեբուժարանի տնօրենը վերցրել ու մեր բոլոր հարցերի տակ գրել է՝ իրականությանը չի համապատասխանում, սա սուտ է, և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը երբեք ոչ ստում է, ոչ էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում:

«Գրել ենք՝ վերմակը թաց է, հիվանդների համար անթույլատրելի է: Մեզ գրում են՝ իրականությանը չի համապատասխանում: Մենք ունենք լուսանկարներ, ապացույցներ, որոնք ուղարկելու ենք առողջապահության նախարարություն, խիստ պահանջելու եմ, որ հոգեբուժարանի տնօրենին ենթարկեն պատասխանատվության»:

Լրագրողները սակայն ՄԻՊ- ին հիշեցրեցին  «հաց բերող» Արթուր Սարգսյանի դեպքը։ Այն, որ  նրա մահը ապացուցեց, որ ՄԻՊ գրասենյակը, առհասարակ իրավապաշտպանության ոլորտը դեռևս չի կարողանում բավարար ազդեցություն ունենալ պետական մարմինների, իշխանության վրա, Թաթոյանը նշեց, որ կարող է այդպիսի հանրային տպավորություն ստեղծվել, բայց իրենց խնդիրը իրավիճակը վերահսկելն էր, որպեսզի քրեակատարողական հիմնարկը ճիշտ բժշկական ծառայությունների մատուցի։ ՄԻՊ-ը տարեկան զեկույցում անդրադարձել էր նաև  ՔԿՀ-ների սանիտարահիգիենիկ վիճակին ու առաջարկել  է  փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկը: Ասաց, որ որոշ խցեր փակվել են, մյուսների առումով էլ լինելու են հետևողական։

Ցուցադրել ավելի
Back to top button