Հասարակություն

ՈՒԵՖԱ-ի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինին` ուղեկցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով ֆուտբոլի և առհասարակ սպորտի կարևոր դերակատարությանը ազգերի միջև փոխճանաչողության և համերաշխության հաստատման գործում, ցավով նշեց, որ այսօր որոշ ուժերի կողմից այն նաև քաղաքական շահարկումների թիրախ է դառնում: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր ցավակցությունը հայտնեց ՈՒԵՖԱ-ի նախագահին նախորդ օրը գերմանական ֆուտբոլային ակումբներից մեկի դեմ գործված ահաբեկչության առիթով: Դատապարտելով կատարվածը` Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ պետական և հասարակական կառույցները պետք է ամեն ջանք գործադրեն` զերծ պահելու սպորտը նման բռնարարքներից:

Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ՈՒԵՖԱ-ին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` համատեղ ջանքերով Վաղարշապատում ֆուտբոլի ակադեմիա հիմնադրման և այն համապատասխան մարզադաշտով օժտելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Նորին Սրբությունը շեշտեց, որ Հայոց Եկեղեցին նույնպես կարևորում է սպորտը և այս առումով` Եկեղեցու հովանու ներքո Հայաստանում գործող 10 հայորդյաց տներում ստեղծվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի պատանիները հաճախեն տարբեր սպորտային խմբակներ և մարզվեն:

Զրույցի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ նշելով, որ իր վրա մեծ տպավորությունն է թողել հայ ժողովրդի պատմությունը: ՈՒԵՖԱ-ի նախագահը նույնպես ընդգծեց, որ սպորտաձևերը և մասնավորապես` ֆուտբոլը, կոչված են միավորելու ազգերին և ոչ թե պառակտելու: Պրն. Չեֆերինը շեշտեց, որ ֆուտբոլը կարևոր նշանակություն ունի երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործում և նրան ետ է պահում տարբեր անցանկալի, մեղսալի երևույթներից:

Վերջում Վեհափառ Հայրապետը ՈՒԵՖԱ-ի նախագահին ցանկացավ արգասավոր գործունեություն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ արդյունավետ գործակցություն:

ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունն այցելեց նաև Մայր Տաճար:

 

Ցուցադրել ավելի
Back to top button