Տնտեսական

Ներդրումներն ու տնտեսական աճը խոստացվածից ավելին կլինեն


Կառավարությունում շարունակում են պնդել՝ մինչև տարեվերջ Հայաստան կգան ոչ միայն  խոստացված ներդրումները, այլ նաև ավելին: Հստակ են ոլորտներն ու 2017-ի համար նախատեսված ներդրումների ծավալը: Ներդրումների ներգրավման հարցում  տնտեսագետ Վահագն Խաչատրյանը  առայժմ լավատես չէ: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա նշել է, որ խոստացված  800 մլն դոլար ներդրումներն իր մոտ կասկած են  առաջացնում:

 

Հայաստանի կառավարությունը շարունակում է ակտիվորեն քննարկել  ներդրումներ ներգրավելու հարցը:  Ավելին, վերջերս ստեղծվեց նաև «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը: Հիմնադիրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու  «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, հայտնի գործարար Սամվել Կարապետյանն են: Եվ ահա Հայաստանի ներդրողների ակումբը նախատեսում է 2017 թվականին ՀՀ-ում 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել:

Դրա մասին կառավարության նիստում  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարեց:  Նա, ի դեպ,  ներկայացրեց նաև ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային հիմնադրամի միջև ստորագրվելիք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  կարևորում է  հիմնադրամի  գործունեությունը։ Այն ոչ միայն ներդրումներ  կներգրավի,  այլ նաև բիզնեսի նոր մշակույթ կներդնի . «ֆոնդի անդամները ճանաչված, հաջողակ  բիզնեսմեններ են»:

Հանուն ներդրումների, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պատրաստ է  բոլորի հետ բանակցել ու քննարկել՝ անկախ կուսակցությունից ու քաղաքական հայացքներից: Կարայանի այս հայտարարությանը, ի դեպ,  հետևել էր հարց՝  «Ծառուկյան» դաշինքի խոստացված 15 մլրդ դոլարի ներդրումները տնտեսության մեջ ներգրավելու համար պատրաստ է  ադյո՞ ք  հարցը քննարկել Գագիկ Ծառուկյանի հետ: Կառավարությունը   խոստացված 3,2 մլրդ դոլար ներդրումներից  850 մլն-ը նախատեսում է 2017-ի ընթացքում:

Նախարարը կարծում է, որ ներդրումները խոստացվածից ավելին կլինեն:  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նույնպես լավատես է: Վստահ է՝ ՌԴ-ն ներդրումներ կկատարի, հատկապես, որ  «Հայաստանը Ռուսաստանի համար բավականին փոքր տնտեսություն է և այնտեղի գումարները մեզ համար զգալի նշանակություն ունեն:

«Ներդրողներին հիմնականում երկու կարևորագույն ցուցանիշ է հետաքրքրում` ռիսկերն ու վերադարձելիությունը: Բնականաբար, նաև` հեռանկարայնությունը»:

Ներդրումների ներգրավման հարցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը   առայժմ լավատես չէ. «Այն, ինչի մասին որ խոսում են, մոտ 800 մլն դոլարի ներդրումներ տեղի կունենան, որի արդյունքում տնտեսական աճ կապահովեն, իմ մոտ մեծ կասկածներ է առաջացնում»:

Տնտեսական աճի հետ կապված՝  կառավարությունում շարունակում են պնդել՝  գերազանցելու են խոստացված 3,2 տոկոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button