ԿարևորՎերլուծականՔաղաքական

Ղրղզները ոգեւորված են, Բելառուսիայի ոգեւորությունն անցել է. ԵՏՄ գագաթաժողովին ընդառաջ


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել  է Ղրղըզստան՝ մասնակցելու ապրիլի 14-ին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպումներին: Ինչ նոր շունչ է ստանալու ԵԱՏՄ-ն եւ ինչ սպասելիքներ կան աշխատանքից՝ կառույցի անդամ-երկրների վերլուծաբանները հեռու են կառույցը կայացած համարելուց, դժգոհություններ աշխատանքից կան, բայց կառույցից հրաժարվելու մտադրություններ դեռ որեւէ մեկը չունի:

Առաջիկա մի քանի օրերի համար Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը վերածվում է ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ պետությունների «մայրաքաղաքի»: Պետությունների ղեկավարները հավաքվում են այնտեղ ոչ պաշտոնական ձեւաչափով հանդիպումների։ Բիշքեկում է արդեն նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ վաղը տեղի կունենա բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Այս ամենը մեծ իրադարձություն է կոնկրետ ընդունող կողմի՝ Ղրղզստանի համար: Այսպես է իրողությունները տեսնում այս երկրի առեւտրաարդյունաբերական պալատի արդյունաբերական քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Կուբատ Ռախիմովը:

« Բիշքեկում, իհարկե, շատ մեծ խցանումներ են եւ ուժեղ անձրեւ է: Բայց այս ամենով հանդերձ՝ Բիշքեկի բնակիչները շատ լավ տրամադրության մեջ են, համբերատար կանգնում են խցանումների մեջ, փորձում են տեսնել անցնող պատվիրակությունների մեքենաները: Ուղղակի գիտակցում են, որ այստեղ հաճախ չեն ժամանում պետությունների ղեկավարները եւ յուրովի հպարտանում են, որ Ղրղզստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում»:

Ղրղըզներն ընդհանրապես մարտական են տրամադրված: Մշակել են մի շարք աշխատանքային տեխնիկական առաջարկներ՝ ԵԱՏՄ-ի եւ բարձրագույն խորհրդի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: ԵԱՏՄ-ից ցանկանում են ավելի մեծ արդյունք տեսնել, քան ունեն այս պահի դրությամբ: Կառույցում անցկացրած 1.5 տարվա ընթացքում ստացված օգուտներից գոհ են՝ ասում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր Ժումակադիր Ակենեեւը՝ առաջին հերթին օրինակ բերելով աշխատանքային միգրանտների վիճակի բարելավումը:

« Շատ լավ են իրենց զգում ԵԱՏՄ տարածքում, 36 տոկոսն արդեն աշխատում է ըստ մասնագիտության, մեծանում է դրամական փոխանցումների ծավալը, ավելանում է չվերթների քանակը»:

Ղրղըզական կողմը խիստ ոգեւորված է, որ իր նախագահությամբ հնարավոր կլինի նոր որակ հաղորդել ԵԱՏՄ աշխատանքներին: Հատկապես շեշտը դնում են այն փաստի վրա, որ Բալառուսի նախագահն օրեր առաջ վերջապես ստորագրեց Մաքսային օրենսգիրքը: ԵԱՏՄ-ի հանդեպ զգուշավոր վերաբերմունքը, սակայն, Բելառուսում դեռ պահպանվում է եւ այս առումով կողմերին հստակ ասելիք ունեն Ձեռնարկատիրության հանրապետական կոնֆեդերացիայի իրավաբանական անձանց միության փոխնախագահ Նաում Կացը:

« Մենք էլ էինք էյֆորիայի մեջ, երբ մուտք գործեցինք ռուսական շուկա: Մենք երեւի մեր հայ գործընկերների պես ուրախանում էինք, որ ահա հիմա փողերը կհոսեն մեր երկրներ: Բայց էյֆորիան մեզ մոտ արդեն անցել է: Համոզված եմ, մեր նախագահը չէր ստորագրում օրենսգիրքը։ Մենք գնահատում էինք՝ չէինք ստորագրում, որովհետեւ մեզ չէի՞ն թողնում ռուսաստնայն շուկա, թե՞ չէինք ստորագրում, որովհետեւ ռուսականը կարող է ներխուժել մեր շուկա: Չի կարող այնպես լինել, որ միայն իրենք ձեռք բերեն, իսկ մենք կորցնենք եւ հակառակը: Կարծում եմ դրա հետ է կապված բոլորի զգուշավոր կեցվածքը: Մենք բոլորս շատ լարված ենք, որովհետեւ բոլորս հույս ունեինք օգտվել խոշոր ֆինանսատնտեսական գործընկերոջից, բայց ամեն մեկն ունի իր հետարքրքրությունները»:

Ռուսաստանի հետ որոշակի խնդիրներ ունեցած Բերառուսն այս փուլում առաջարկում է մյուս երկրներին միավորվել եւ մշակել այնպիսի մեխանիզմ, որով կկարողանան ազդել ավելի հզոր գործընկերոջ՝ Ռուսաստանի վրա՝ գնալու բաց եւ արդար համագործակցության: Հայկական կողմն այս հարցում չի թաքցնում՝  էյֆորիայի փուլն այստեղ նույնպես անցել է: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյան ու Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյան.

«Իհարկե, մեր սպասելիքները ԵԱՏՄ-ից ավելին էին, բայց արդյունքները ստացվեին համեստ:  Այդ ամենը կապված է Ռուսաստանում տնտեսական վիճակի, այդ երկրի դեմ գործող պատժամիջոցների եւ ռուբլու արժեզրկման հետ»:

Յուրաքանչյուրը պետք է լավ հասկանա, թե ինչ է ցանկանում ստանալ եւ ինչ է ցանկանում տալ այդ միությանը: Կարեւորը՝ որոշել, թե ում ինչ է պետք:

Հայաստանն աստիճանաբար կողմնորոշվում է իր ցանկությունների մեջ եւ դա կապված է այն հեռանկարի հետ, որ ԵԱՏՄ-ն կարող է հետաքրքրել արդեն Իրանին: Այս զարգացումը հետաքրքիր կլինի ԵԱՏՄ անդամ գրեթե բոլոր երկրների համար: Անդրանիկ Ալեքսանյանի ներկայացմամբ՝ սա կարող է Հայաստանի համար «մրցանակային կետ» դառնալ: Հայաստանն ունի արդեն հաստատված առեւտրատնտեսական հարաբերություններ այդ երկրի հետ, ունի ընդհանուր սահման, Մեղրիի գոտում ստեղծում է ազատ տնտեսական գոտի եւ վերջապես՝ ֆինանսական հարաբերություններն էլ այլեւս խնդիր չեն:

Առեւտրաարդյունաբերական պալատի տնօրենը հենց տեղում առաջարկում է՝ Հայաստանում գործում է Իրանական բանկ, որն էլ կարող է հեշտացնել ֆինանսական հարցերը: Իսկ ընդհանրապես, ԵԱՏՄ-ով արդեն հետաքրքրվում է նաեւ Մոլդովան՝ ստացել է արդեն դիտորդ-անդամի կարգավիճակ, շահագրգռվածություն ունի Տաջիկստանը, եւ հետագայի համար կա ավելի գլոբալ ծրագիր Վիետնամի շուկան գրավելու առումով:

Ցուցադրել ավելի
Back to top button