Տնտեսական

Պատահական միս սպառողին չի հասնի


Մայիսի 1- ից Հայաստանում կսկսվեն պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու առաջին քայլերը։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի տեղեկացմամբ, իրենց  բազայում գրանցված է 13 սպանդանոց, որոնց մի մասը գործում է  «հալալ»  մորթի  կազմակերպման  ու արտահանման դեպքում: «Հալալը» մահմեդականների  համար սուրբ և հարգանքի արժանի տերմին է : Կարապետյանը վստահեցնում է՝  այս սպանդանոցները կարող են մորթի անհրաժեշտ  ծավալն  ապահովել, սակայն, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը եւ անասնագլխաքանակը, նոր սպանդանոցներ կառուցելու անհրաժեշտություն կա:

Անցում պարտադիր սպանդանոցային մորթի. կառավարությունը որդեգրել է այս քաղաքականությունը եւ խոստանում է՝ մոտ մեկ ու կես տարուց պատահական միս սպառողին չի հասնի: Առաջին քայլերը ակնառու կլինեն արդեն մայիսի 1-ից:

Աստիճանաբար, փուլային եղանակով անցում կկատարվի  պարտադիր սպանդանոցային մորթի:  Սակայն Հայաստանի ոչ բոլոր մարզերն ունեն սպանդանոցներ:  Արագածոտնի մարզի Կանչ  համայնքից ֆերմեր Հարություն Մխիթարյանը  ոչխարաբուծությամբ  է զբաղվում։ Ամեն անգամ մորթի համար Արարատի մարզի Մասիսի տարածաշրջան է հասնում։ Իրենց մարզում սպանդանոց չկա՝ ասում է։ Ուստի ստիպված են մարզից մարզ հասնել։

«Ստեղծեցին սպանդանոցներ անունը, իբրեւ կուլտուրական, բայց ֆերմերի համար ավելի վատ էֆեկտ է ստանում: Գառը հանձնում ենք, կիլոն ընդունում են 1850 դրամով»:

Հայաստանն ունի Իրանի պես հարևան՝ ասում է զրուցակիցս ու  հիշում  երանելի տարիները։ Դրանք, ի դեպ, ոչ վաղ անցյալում էին։

«Թեքերը վերցնում են, փալաճեքը հանում են, թափում, դմակը հանում են, քերթում են, թալանում են: Դրանից 5- 6 տարի առաջ  ամենափոքր գառը ծախվում էր 50 հազար դրամով: Իսկ այսօր՝ 30 հազար դրամ:  Էն ժամանակ պարսիկը գալիս էր 70 հազար էր ուզում մի գառի համար»:

ՍԱՊԾ պետի տեղեկացմամբ, բազայում գրանցված է 13 սպանդանոց, որոնց մի մասը գործում է  «հալալ»  մորթի  ու արտահանման դեպքում: Կարապետյանը վստահեցնում է՝  այս սպանդանոցները կարող են մորթի անհրաժեշտ  ծավալն  ապահովել, սակայն, հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու անասնագլխաքանակը, նոր սպանդանոցներ կառուցելու անհրաժեշտություն կա:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյան. «Գեղարքունիքում՝ 5, Լոռիում՝ 4, Շիրակում՝ 5, Սյունիքում՝ 3, Տավուշում 3 սպանդանոցի անհրաժեշտություն կա»:

ՍԱՊԾ պետը միաժամանակ նշում է, որ միայն Երևանի մսի կոմբինատը հնարավորություն ունի օրական 2-3 հազար խոշոր եղջերավոր կենդանու  մորթ կազմակերպել:

Շատ հաճախ  միսը տեղափոխվում է  սանիտարահիգիենիկ պայմաններին չհամապատասխանող մեքենաներով: Այս խնդրին էլ լուծում կտան, ներդրվելու է տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի ինստիտուտը:  Սա ըստ Կարապետյանի, կբացառի ոչ համապատասխան պայմաններով մսի տեղափոխումը: Շահագրգիռ կողմերին դրա մասին արդեն  տեղեկացնում են:

Ցուցադրել ավելի
Back to top button