Հասարակություն

Մերուժան Տեր-Գուլանյանը և Նարա Շլեպչյանը նշանակվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նարա Սուրենի Շլեպչյանին և Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017թ. մարտի 24-ի ՆԿ-56-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ապրիլի 7-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դիմում ներկայացրած 5 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Նարա Սուրենի Շլեպչյանին և Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանին:

Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսությունում Նարա Շլեպչյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի երկարամյա աշխատանքային փորձը, զգալի ներդրումը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button