ԿարևորՔաղաքական

Հայ- վրացական հարաբերություններ՝ հայաք Երեւանից եւ Թբիլիսիից


Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն երեկ Հայաստանում էր եւ կոնկրետ հարցեր էր քննարկում ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ: Երկկողմ հարաբերությունների մասով 2017-ը առանձնահատուկ է համարել Վրաստանի արտգործնախարարը, քանի որ այս տարի նշվում  է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25- ամյակը: Ամեն դեպքում, այսօր հայ եւ վրացի փորձագետները փորձում են վերլուծել ստացված ազդակները եւ սպասվող զարգացումները:

 

 

Երեկ ավարտվեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան: Երկկողմ հարաբերությունների մասով հույսերը մեծ են, տարբեր ոլորտներ թվարկում են պաշտոնյաները, բայց այցի այսպես ասենք «թարմ հետքերով» փորձագետների վերլուծություններն այնքան էլ աչքի չեն ընկնում նոր ասելիքով: Հայաստանին հետաքրքրող հարցերից կարեւորագույնը՝ Աբխազիայով եւ Հարավային Օսիայի տարածքով անցնող այլընտրանքային ճանապարհների գործարկումն է: Ռուսաստան- Վրաստան ճանապարհների ապաշրջափակումը դեռ մնում է խոսակցությունների մակարդակում, թեեւ «համաձայնությունը կա, ցանկությունը՝ նույնպես»,- ասում է «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, վրացի փորձագետ Գեորգի Կանաշվիլին:

«Այս պահին ես կարծում եմ՝ որոշակի վստահություն Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ արդեն կա, կա նաեւ առաջ գնալու ցանկություն եւ իհարկե կա որոշակի պրագմատիզմ ու հետաքրքրություն ոչ միայն  երկու երկրների, այլեւ Հայաստանի կողմից: Թբիլիսիի տեսանկյունից կարող եմ ասել, որ «սառույցը շարժվել է» եւ մոտ ապագայում, եթե լուրջ փոփոխություններ տեղի չունենան, կարծում եմ մի քանի ամսվա կամ ավելի ճիշտ՝ այս տարվա ընթացքում հարցը դրական լուծում կստանա»:

«Սառույցը տեղից շարժվելու» առումով Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն ունի իր բացատրությունը: Ասում է, որ հետխորհրդային բոլոր երկրներում վերջին տարիներին գրանցվել է ընդհանուր մի միտում, երբ տնտեսական աճն ու զարգացումը կտրուկ կանգնել են եւ այլեւս ոչինչ տեղի չի ունենում: Հետեւաբար, բոլորը հասկացել են՝ պետք է գտնել զարգացման նոր ուղիներ: Եվ ահա հայ-վրացական երկկողմ հարաբերությունների ավանդական շրջանակից փորձագետն այս փուլում առանձնացնում է Հայաստանի՝ Վրաստանի եւ Իրանի միջեւ  տարանցիկ ուղի դառնալու հավանականությունը: Ասում է՝ սա միանգամից բոլորի համար է հետաքրքիր: Այստեղ ուշագրավ է նաեւ մեկ նրբություն՝ Միխեիլ Ջանելիձեի հայաստանյան պաշտոնական այցից մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին, թե բեռնափոխադրումների համար սահմանված սակագները զգալիորեն իջեցվել են:

«Մի երկու տարի առաջ Համաշխարհային բանկի «Doing business» զեկույցում կային թվեր, թե որքան արժե մեկ կոնտեյների ներմուծումն ու արտահանումը Հայաստանից: Շատ թանկ էր, եթե չեմ սխալվում, Վրաստանից արտահանումը արժենում էր 1700 դոլար, Հայաստանից՝ 2100 դոլար: Հիմա այս սակագնային իջեցումները հնարավոր է օգնեն գնային այս տարբերությունը կրճատել, հետեւաբար՝ Հայաստանը կկարողանա ավելի շատ արտահանել եւ զարգացնել իր տնտեսությունը: Ի դեպ՝ սա կնպաստի նաեւ Հայաստանում գների նվազմանը: Շատ կտրուկ էժանացում չէ, բայց կարծում եմ,  2-3 տոկոսի չափով հնարավոր է»:

Այսօր ստեղծված իրավիճակում Հայաստանն ու Վրաստանը միասնական ուժերով փորձում են խաղարկել իրենց տարածաշրջանային դիրքը եւ ներգրավվածությունը միջազգային տարբեր կառույցներում՝ առաջարկելով կապող օղակ դառնալ տարբեր կառույցների միջեւ, մասնավորապես՝ ԵՄ եւ ԵԱՏՄ-ի միջեւ: Սա է պատճառներից մեկը, որ Վրաստանը խիստ շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների կարգավորմամբ՝ ասում է վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Պաշտոնական Թբիլիսին, իհարկե, մեծ սպասելիքներ ունի Իրանից: Դրանով է պայմանավորված, որ Իրանի քաղաքացիների համար սահմանված վիզային ռեժիմը Վրաստանը չեղարկեց եւ դա էր պատճառը, որ անցած տարի իրանցի զբոսաշրջիկների թիվը մի քանի անգամ ավելացավ: Պաշտոնական Թբիլիսին սպասելիքներ ունի նաեւ էներգետիկ համագործակցությունից: Ինձ թվում է, որ այն էներգամիջանցքը, որ հիմնում են չորս երկիր՝ Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը եւ Իրանը, արդեն 19-20 թվականներին կտա իր դրական արդյունքները»:

Փորձագետները դեռեւս վերապահումով են մոտենում բոլոր հնարավոր հաշվարկներին եւ ներդրումային սպասելիքներին, մասնավորապես՝ Մեղրիի ազատ առեւտրի գոտու հետ կապված: Վրաստանը հենց այնպես չի գա Հայաստանում բիզնես անելու: Ավելին՝  վրացի փորձագետը խոստովանում է:

«Ճիշտն ասած, մի քիչ կասկածանքով եմ մոտենում: Հայաստանի դեմ վերապահումներ չունենք: Պարզապես Վրաստանում շատ գումար չկա, չկա նաեւ Հայաստանում: Մեր երկրներում, ցավոք սրտի, դա է հիմնական խնդիրը: Ինչու ենք մենք անընդհատ բարեփոխումներ անում եւ օրենքներ փոխում։ Որ ներդրողը գա: Եթե մենք փող ունենայինք, մենք ինքներս կկառուցեինք օրինակ՝ հյուրանոցը կամ ձեռնարկությունը: Հիմա, եթե Մեղրիի ազատ առեւտրի գոտում չլինեն հատուկ ուշադրության արժանի եւ շահագրգռող պայմաններ, որ ապահովի եկամուտ, դժվար թե բիզնեսը եւ ներդրումները Վրաստանից Հայաստան գան»:

Գործարարության համար մեկ կարեւոր նախապայմանն էլ  խաղաղ տարածաշրջանն է: Դա է պատճառը, որ Վրաստանին խիստ հետաքրքրում է ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացը: Վրաստանն ինքն էլ ունի տարածքային խնդիրներ ու այս հարցում երկու երկրների մոտեցումները տրամագծորեն տարբեր են։ : Վրացիների զգուշավորությունը Հայաստանի հանդեպ պայմանավորված է նաեւ Գյումրիի տարածքում ռուսական ռազմաբազային տեղակայմամբ: Բայց Գեորգի Կանաշվիլիի ներկայացմամբ՝ 2008-ը բավարար էր իրենց հասկանալու, որ հարկ եղած դեպքում Հայաստանը կարողանում է ընդունել կոռեկտ կեցվածք:

Ցուցադրել ավելի
Back to top button