Քաղաքական

ԵԱՀԿ-ն տարեկան զեկույցում անդրադարձել է արցախյան հակամարտությանը

Չնայած ղարաբաղյան հակամարտության զորքերի շփման գծում լարվածության աճին  և բանակցային գործընթացի սահմանափակ առաջընթացին, ԵԱՀԿ-ն շարունակում է ջանքեր գործադրել հակամարտությանը խաղաղ և տևական լուծման համար:  Այս մասին նշվում է ԵԱՀԿ գործունեության 2016թ.  զեկույցում, որտեղ ամփոփվել են կազմակերպության գործունեության և իրականացրած ծրագրերի արդյունքները:

Զեկույցի համաձայն՝ 2016 թվականին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները եղել են  կազմակերպության օրակարգի առաջնահերթությունները, իսկ  ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության հաճախակի դարձած դեպքերը անխուսափելի են դարձրել ճգնաժամի կառավարումը:

«Գերմանիան անհապաղ արձագանքել է 2016թ. ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության էսկալացիային, նախաձեռնել է Մշտական խորհրդի նիստի անցկացում, կոչ է արել կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը և ստեղծել պատահարների հետաքննության մեխանիզմ: Գերմանիան կոչ է արել վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթցը»,-ասվում է զեկույցում:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը զեկույցում նշել է, որ ապրիլյան մարտերից հետո  անձնական ներկայացուցչի գրասենյակը այցելել է  տարածաշրջան՝ հանդիպելով հակամարտող կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հետ: Անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կողմերի աջակցությամբ ընդհանուր առմամբ իրականացրել են 22 մոնիթորինգային առաքելություն որոնցից հինգը՝ հայ-ադրբեջանական սահմանին, 17-ը՝ շփման գծում:

Ցուցադրել ավելի
Back to top button