Հասարակություն

Վերջին տարիներին միգրացիոն հոսքերն անհամեմատ աճել են


Հայաստանից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը լինում է դեպի ՌԴ: Ընդ որում՝ վերջին տարիներին աշխատանքային միգրանտների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված չէ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմամբ, պարզապես ՌԴ տնտեսությունն է թուլացել՝ ներկայացնելով միգրացիոն հոսքը՝ նշել է «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանը: Իսկ ընդհանրապես միգրացիոն  հետազոտությունները ցույց են տվել, որ անվերադարձ մեկնողների և երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի դիմողների թիվը տարեց տարի աճում է: Հիմնականում մեկնում են միջին տարիքի մարդիկ։

Ամեն ընտրությունից հետո հիասթափությունն ազդում է միգրացիոն երեւույթների վրա՝ մարդիկ արտագաղթում են։ Թե ինչ կլինի վերջին ընտրություններից հետո՝ «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանը խուսափում է կոնկրետ կանխատեսումներ անելուց:

«Բայց որ կգնան, միգրացիոն հոսքեր կլինեն, կասկած չունեմ»:

Ի տարբերություն Տաթևիկ Բեժանյանի՝ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ընտրությունների հաջորդող արտագաղթը հնարավոր համարում է, բայց պնդել չի կարող:

Ընտրությունը ընտրություն, բայց որ վերջին տարիներին միգրացիոն հոսքերն անհամեմատ աճել են, հաստատում են թե՛ Տաթևիկ Բեժանյանը, թե՛ Ռուբեն Եգանյանը: Եթե մինչև 2015 թվականը անվերադարձ մեկնողների թիվը 35 000 էր, ապա 2016-ին անվերադարձ մեկնողների թիվը հասավ 37 000-ի: Հիմնականում մեկնում են միջին տարիքի մարդիկ եւ մեկնում են աշխատելու նպատակով:

Նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքի միտում է նկատվում։ Հուսադրող չեն տվյալները, քանի որ միտումը ցույց է տալիս, որ կարող է կրկնվել 90-ականների սկզբի իրականությունը, այսինքն՝ ուղեղների արտահոսք: Հստակ չկա, թե ինչ մասնագետներ են հեռանում, սակայն 20 տոկոսը բարձրագույն կրթություն ստացածներն են: Շոշափելի է բժիշկների և ՏՏ ոլորտների մասնագետների արտահոսքը,  նկատում է Տաթևիկ Բեժանյանը:

2016 թվականին, ի դեպ, մեծացավ ոչ միայն արտագաղթողների, այլև վերադարձողների թիվը, սակայն դա կապված չէր հայաստանյան ներքին իրականության հետ՝ նկատում է  Տաթևիկ Բեժանյանը: Մեր միգրացիայի հիմնական ուղղությունը դեպի ՌԴ է, ապա՝ եվրոպական երկրներ, Հյուսիսային Ամերիկա:

«Վերադարձ և պաշտպանություն» ՀԿ նախագահը նշում է, որ վերադառնում են հարկադրաբար և ոչ թե Հայաստանի վիճակն է լավացել։ Իսկ դա նշանակում է, որ տվյալ երկրներում նպաստավոր պայմաններ լինելու դեպքում վերադարձողները առաջին իսկ հնարավորության դեպքում դարձյալ կլքեն հայրենիքը:

Ցուցադրել ավելի
Back to top button