Հասարակություն

Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. փետրվարին Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից, որի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր: Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացումը:

Միխեիլ Ջանելիձեն վերահաստատել է Վրաստանի վարչապետի շահագրգռվածությունը՝ ՀՀ կառավարության ղեկավարի այցի ընթացքում ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Նա ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի՝ կոնկրետ ծրագրերի և արդյունքների ուղղությամբ միասին առաջ շարժվելու մոտեցումը և արդեն իսկ որոշակի քայլեր է ձեռնարկում: Վրաստանի ԱԳ նախարարը նաև շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար և փոխանցել Վրաստանի վարչապետի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ ու բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, անդրադարձել հետագա քայլերին: Կարեն Կարապետյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը: Կողմերը  համակարծիք են եղել, որ այս նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:

ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը:

Ցուցադրել ավելի
Back to top button