Հասարակություն

ՀՀ ԿԳՆ պարզաբանումը՝ դպրոցներից մեկում ինքնասպանության փորձի առնչությամբ

Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ: Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները:

Նախարարությունն արձանագրում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից:

Միաժամանակ ԿԳՆ-ն ընդգծում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Ավելի վաղ պարզվել էր, որ Երևանի դպրոցներից մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց դաստակները: Աշակերտները սովորում են ավագ դասարաններում, իսկ ինքնասպանության փորձ կատարելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված չվարված գումարն է:

Ավելի ուշ պարզվել էր, որ աշակերտները սովորում են Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, որի տնօրենը հրավիրվել է Կրթության և գիտության նախարարություն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ  դպրոցում 2 աշակերտի ինքնասպանության փորձի հետ կապված հանգամանքները պարզվում են, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում:

Ցուցադրել ավելի
Back to top button