Քաղաքական

Հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել. Նալբանդյան


Պաշտոնական այցով Երևանում է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն: Հայաստանի  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ առանձնազրույցից հետո երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպել են լրագրողների հետ ու նշել, որ գոհ են տնտեսական համագործակցության առաջընթացից։

Հայաստանի ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը գոհացնում է երկու երկրների ԱԳ նախարարներին, սակայն ներուժն ավելին է և պետք է զարգացնել այն՝  այսօր փաստեցին Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարները:

Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները շոշափելի զարգացում են ապրել և առաջ են ընթանում փոխշահավետ համագործակցության ուղով։

Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են՝ ևս մեկ անգամ հիշեցրեց հայտնի ձևակերպումը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

«Քննարկեցինք առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարեցինք մեր երկրների միջև առկա ընդգրկուն իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը. այսօր այն ներառում է ութ տասնյակից ավելի փաստաթղթեր։ Զրույցի ընթացքում արծարծեցինք նաև վիրահատությանը հուզող խնդիրները և դրանց հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերը»։

Նախարար Նալբանդյանը Վրաստանի ԱԳ նախարար Ջանելիձեին տեղեկացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների և Հայաստանի համատեղ ջանքերի մասին։ Նշել է, որ  կարևորում է Վրաստանի շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն էլ նախ շնորհավորեց ընտրությունների անցկացման ու խորհրդարանական համակարգի անցնելու առիթով ու նշեց, որ 2017-ն առանձնահատուկ է, քանի որ նշվում  է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություննրի հաստատման 25 ամյակը:

«Այսօր քննարկվել են գոյություն ունեցող առևտրատնտեսական համագործակցության զարգացման  հեռանկարի  հարցեր: Քննարկվել են նաև տրանսպորտային, տնտեսական, զբոսաշրջության  հարցեր: Շեշտվել է տարանցիկ  ներուժի օգտագործման կարևորությունը՝ տրանսպորտի և լոգիստիկայի  ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմամբ, այդ թվում սևծովյան նավահանգիտների  ենթակառուցվածքների օգտագործմամբ»:

Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին: Ջանելիձեն այստեղ շեշտեց,  իր ձևակերպմամբ,  Վրաստանի օկուպացված շրջանների հարցը:

Քննարկվել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը և համագործակցությունը ԵՄ արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Գոհունակությամբ նշվել է ՀՀ ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին: Վրաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ գոհ է բանակցությունների արդյունքներից և պատրաստ է աջակցել ՀՀ-ին պայմանավորվածությունների իրագործման հարցում:

Ցուցադրել ավելի
Back to top button