ԿարևորՏնտեսական

Երեւան-Բեյրութ չվերթը առավել ամուր կամրջեց Հայաստանի ու Լիբանանի կապերը


Այսուհետև Երևանից Բեյրութ հնարավոր կլինի հասնել երկու ժամում։ «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է  կանոնավոր և ուղիղ չվերթեր իրականացնել  դեպի Բեյրութ՝ «Նուբար Շակերյան» ընկերության հետ համատեղ: Երկու երկրների ներկայացուցիչները Երևան-Բեյրութ-Երևան չվերթի բացումը պատմական են համարում երկկողմ հարաբերությունների համար։

 

 

Ապրիլի 10-ին, պաշտոնապես օդ բարձրացավ հայկական «Արմենիա» ավիաընկերության Boeing 737-ը` կատարելով Երեւան-Բեյրութ իր առաջին ուղիղ չվերթը։  80 ուղևոր տեղափոխեց, Բեյրութից Երևան ժամանեցին 90-ը։ Այժմ  Բեյրութից հայերին հնարավոր կլինի հասնել պատմական հայրենիք առավել  հարմար պայմաններում` այն է  երկու ժամվա ընթացքում։

«Արմենիա» ավիաընկերության  տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը  «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշում է, որ  մոտ 8 ամիս  շարունակ աշխատանքներ  են  իրականցվել Լիբանանում  «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչության  տնօրեն Նուբար Շակերյանի հետ, որպեսզի այդ ուղղությամբ իրակացվեն  չվերթներ:

Ռոբերտ  Օգանեսյան  ու Նուբար Շակերյան. «Ավիաընկերությունն իրականացնում է շաբաթական մեկ չվերթ՝ իսկ ամռան ամիսներին կհասնի մինչև շաբաթական 4 չվերթի: Տոմսերը մատչելի են  320 ԱՄՆ դոլար երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռ և օդանավում մատուցվում է  տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր՝ անգամ էկոնոմ դասում: Այս ուղղությամբ պահանջարկ կա, և մենք մեր գործընկերոջ հետ կանենք ամեն ինչ` թռիչքն ավելի հարմարավետ և մատչելի դարձնելու համար»:

Լիբանանը համարվում է  խոշորագույն հայ համայնքներից մեկը: Այստեղ  ապրում է  ավելի քան  150 հազար հայ։ Տարեկան մեր երկիր մեծ թվով լիբանանահայեր  են այցելում:  Հետևաբար՝ այս չվերթի իրականացմանը նրանք երկար են սպասել:

Բեյրութի օդանավակայանում ինքնաթիռին դիմավորեցին հատուկ արարողակարգով՝ այն անցավ  ջրային շիթերի կամարի տակով։ Արդեն ժամանման սրահում  հայկական պատվիրակությանը  աղ ու հացով դիմավորելուց հետո՝ Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ու Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը,  չվերթը որակեցին պատմական:  Ավետիս Կիտանյանն ասում է, որ սա առավել ամուր կամրջեց  Հայաստանի ու Լիբանանի կապերը, շեշտեց՝  որպես հայազգի նախարար իր  առաջին նախաձեռնություններից է զբոսաշրջության  փաթեթներ պատրաստելն  ու Բեյրութի համար կարևոր նշանակություն  ունեցող զբոսաշրջության  8 երկրների մեջ ներառել նաև Հայաստանը :

«Կփորձեմ նաև այլ նախաձեռնություններ կյանքի կոչել։ Մասնավորապես` տեղի` Լիբանանի գործարարները դրականորեն  են  տրամադրված  Հայաստանի հանդեպ, որպեսզի գան ու ներդրումներ անեն: Ճիշտ է, մենք լիբանանցիներ ենք, բայց ծագումով հայ ենք, ինչը մեզ պարտավորեցնում է, որ բոլոր ոլորտներում ավելի սերտ հարաբերություններ ունենանք»,-ասաց նախարարը:

Հայաստանը գրավում է լիբանանցիներին առաջին հերթին իր հարուստ մշակութային ժառանգությամբ,  ու նաև  ազգային խոհանոցով՝ ասում է Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։

«Լիբանանն ու Հայաստանը բազմաթիվ թելերով կապված են իրար, և այս ուղիղ թռիչքը լինելու է լրացուցիչ թելերից մեկը, որը կնպաստի Հայաստանի ու Լիբանանի, ինչպես նաև Հայաստանի ու լիբանանահայության կապերի խորացմանը: Իսկ թռիչքը կարևոր է այնքանով, որ հենց «Արմենիա» անվանմամբ օդանավը, ի թիվս այլ օդանավերի, ժամանում է Բեյրութի օդանավակայան: Կուզեի, որ այդ անունով օդանավերը հնարավորինս տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնեն, քանի որ դա շատ կարևոր է` ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը: Մենք աշխատում ենք աջակցել զբոսաշրջության զարգացմանը, որպեսզի լիբանանցի գործարարները ներդրումներ անեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում, քանի որ Լիբանանի զբոսաշրջության ոլորտը բավական զարգացած է և նրանք մեծ փորձ ունեն»,-ասաց դեսպանը:

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին ասում է, որ   մի շարք ընդհանրություններ  կան երկու երկրների ինչպես պատմական, այնպես էլ մշակութային կյանքում։ «Ռադիոլուրի»  հետ զրույցում  էլ նշում,  որ այս ուղիղ չվերթը տուրիզմից բացի մեծ համագործակցության հնարավորություն կընձեռի մշակույթի և տնտեսության ոլորտում:

«Մեզ համար շատ կարևոր է, որ Լիբանանի հայությունն այս չվերթով կարողանա ավելի հաճախ Հայաստան այցելել, բայց, դրան զուգահեռ շատ կարևոր է, որ լիբանանցի քաղաքացին Հայաստան գա, քանի որ Հայաստանի կարողություններն ու կարելիությունները մեծ են լիբանանցի զբոսաշրջիկների համար, և հակառակը»:

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը  ասում է, որ դեպի Բեյրութ ուղիղ չվերթ իրականացնելը միշտ  էլ օրակարգային հարց է եղել, հատկապես 2013-ից, երբ Հայաստանը  որդեգրեց  բաց երկնքի քաղաքականություն:

Ցուցադրել ավելի
Back to top button