ԿարևորՀասարակություն

Դպրոցների տնօրենները պատրաստվում են դատի տալ Դանիել Իոաննիսյանին


Դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեն դատական  հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ: Հայցվորները հերքում և փոխհատուցում են պահանջում:  Հասարակական կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակել էր  մանկապարտեզների և դպրոցների տնօրենների 114  հեռախոսազրույցի ձայնագրություն և դրանք վարչական ռեսուրսի չարաշահում էր որակել: Տնօրենները կարծում են, որ կազմակերպությունը զրպարտել  է և արատավորել  իրենց պատիվն ու արժանապատվությունը:

 

Հարյուրից ավելի դպրոցների տնօրենների հետ հեռախոսազրույցներում այսպես՝ որպես ՀՀԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ էր ներկայացել  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ նախագահ Դանիել Իոնեսյանը: Նախընտրական քարոզչության շրջանում նրանցից հետաքրքվել էր, թե արդյոք այսպես ասենք համակիրների ցուցակներ կազմվել են: Տնօրենների միայն փոքր մասն էր հարցերից անակնկալի եկել, շատերը խոսել էին կոնկրետ թվերի մասին:

Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակեց հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, մասնավորապես դրանց այն հատվածները, որոնցում խոսվում է ցուցակագրումների մասին և դրանք  վարչական ռեսուրսի չարաշահման ուղիղ ապացույց որակեց: Դպրոցի տնօրեններն այդ կարծիքին չեն: Նրանցից  առնվազն 30-ը կարծում է, որ գործ ունեն  զրպարտության հետ:  Տնօրենների շահերը պաշտպանում է   փաստաբան Հարություն Հարությունյանը:

«Երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում ենք պահանջում, ինչպես նաև՝ հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում»:

Հայցվոր կողմի հիմնական հակափաստարկը օրենսդրական արգելքների բացակայությունն է:  Մանկավարժական գործընթացում ընդգրկվածներին Ընտրական օրենսգիրքն, ըստ փաստաբանի, չի արգելում զբաղվել քարոզչությամբ, լինել համակիր կամ այս կամ այն կուսակացության անդամ: Օրենսդրությունն այլ բան է արգելում. չի թույլատրում դրանով զբաղվել մասնագիտական պարտականությունները կատարելիս:

«Եթե տնօրենները դրանով զբաղվեին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, դա կլիներ ոչ իրավաչափ արարք: Բայց սա այլ դեպք է, մեր վստահորդները քարոզչությամբ զբաղվել են բացառապես աշխատանքային ժամից հետո եւ ոչ իրենց լիազորություններն իրականացնելիս: Հետևաբար  «վարչական ռեսուրս չարաշահել» որակումը զրպարտություն է»:

Պաշտպանը համոզված է, որ գործը դատական հաջողության  հեռանկար  ունի: Նման համոզմունք ունի նաև  «Իրազեկ քաղաքացիների միավորումը », բայց այլ տեսանկյունից:

«Մենք որևիցե մեկին չենք զրպարտել, որևէ  սուտ տեղեկություն չենք հայտնել, մենք միայն հայտնել ենք այն, ինչ իրենք են մեզ ասել: Ուստի չեն պատրաստվում փոխհատուցել ոչ մեկ միլիոն, ոչ մեկ լումա»:

Դանիել Իոաննիսյանն այսօր է ստացել հայցադիմումը: Ընդհանուր առմամբ ծանոթանալով գործին՝ համոզվել է, որ իրենց հակափաստարկներն ավելի հիմնավոր են, այնքան հիմնավոր, որ չեն կասկածում ՝ դատարանում հաղթելու են:

«Որևէ ատյանում հաղթելու ենք, կամ առաջինում, կան վերաքննիչում կամ Եվրոպական դատարանում»:

Նույն բովանադակությամբ առայժմ 30 հայցերը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում են: Դրանք մակագրվել են նույն դատարանի տարբեր դատավորների: Թե երբ կմտնեն դատական քննության փուլ, առայժմ պարզ չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button