Տնտեսական

Արտահանման ռիսկերն ու ապահովագրության ինստիտուտը


Ինչպե՞ ս օգնել հայ  արտահանողներին, որոնք ի դեպ, խնդիրների պակաս չունեն :  Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում  խոսել է  արտահանման դժվարությունների մասին, նշել, որ արտահանման ընթացքում  պահանջվող  փաստաթղթերը շատ են ու թանկ: Խնդիրների մյուս մասը  սկսվում է ռուս-վրացական սահմանին: Վերին Լարսի անցակետի փակ լինելը լուրջ խնդիրներ է ստեղծում հայ  տնտեսվարողների համար: Ի դեպ, Րաֆֆի Մխչյանի խոսքով, Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Վերին Լարսի անցակետում խոստացված «կանաչ ուղի»-ն այդպես էլ իրականություն չդարձավ:  Արտահանողների միության նախագահը, սակայն, դրական մի կետ  առանձնացնում է՝  արտահանողներին օգնում  է  2013թ-ին հիմնադրված արտահանման ապահովագրական գործակալությունը:

 

Հայ արտահանողները խնդիրների պակաս չունեն: Օրերով ու շաբաթներով բեռներով լի մեքենաները տարվա գրեթե բոլոր եղանակներին մնում են Լարսի անցակետում: Մի դեպքում՝ ձյուն ու սառնամանիք է, մեկ այլ դեպքում էլ՝  գետն է վարարում: Հայաստանում  Լարսին այլընտրանք փնտրում  են, սակայն, դեռ չեն գտնում:

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ այլ են խնդիրները դեպի ԵԱՏՄ երկրներ, բոլորովին այլ՝ ԵՄ երկրներ ու ոչ  միայն: Հիշեցնում է՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, սակայն, այդ երկրներ ապրանք  արտահանելիս փաստաթղթերի մի ամբողջ տրցակ են լրացնում: Այս ընթացքում հրաժարվել են միայն «ծագման սերտիֆիկատ»-ից: Սա փաստաթուղթ է, որը հավաստում է  ապրանքի հայկական լինելու մասին:

«Մեկ արտահանման համար, անկախ քանակությունից ու տեսակից, արտահանողը  միայն ձևակերպումների վրա 120-150 հազար դրամ է ծախսում։ Սա բավականին մեծ ու լուրջ գումար է»:

ԵԱՏՄ անդամ երկրներ հայերը հիմնականում արտահանում են գյուղմթերք, պահածոներ ու խմիչք:  Փաստաթղթավորումից հետո խնդիրնեն սպասում են ռուս-վրացական սահմանին:  Ցամաքային ճանապարհով արտահանվող ապրանքը անցնում է Վրաստանով, Լարսի անցակետով ու հասնում ռուսական սահման։  Արտահանողների միության նախագահը մի քանի օր առաջ անձամբ է  տեղում եղել ու իրավիճակին ծանոթացել:

Րաֆֆի Մխչյանը պնդում է՝ հայկական կողմը պետք է նստի ու հավասարը հավասարի հետ խոսի ռուս գործընկերների հետ: Վերին Լարսի անցակետում հայկական կողմի համար «կանաչ  ուղի» պետք է գործեր՝ խոստանում էին:

Այլ են խնդիրները  ԵՄ երկրներ արտահանելիս: Հայկական  հագուստը, կոշկեղենը պահանջված է ԵՄ շուկայում, սակայն արտահանողները քիչ բան գիտեն պահանջարկի մասին:

Արտահանողների միության նախագահը սակայն դրական մի բան առանձնացնում է՝ արտահանողներին օգնում է 2013թ-ին հիմնադրված արտահանման ապահովագրական գործակալությունը:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը առանձնացնում է քաղաքական  ու առևտրային ռիսկերը: Առաջինի դեպքում ռիսկային պատերազմները, բնական աղետները, էմբարգոն, երկրորդի դեպքում՝  գնորդի  անվճարունակությունը: Գործակալությունը վճարում է ապահովագրված ապրանքի մինչեւ 95 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերից մի քանիսը, հիմք ընդունելով գործակալության տրամադրած պոլիսները, դրանք որպես գրավի միջոց  է ընդունում՝ տրամադրելով արտահանված ապրանքի արժեքի 95 տոկոսը:

Այսպես ասենք, ամենաանպարտաճանաչ երկրներն են ԱՄՆ, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան: Մինչ այժմ վերադարձրել են 4 արտահանողի գումար՝ ընդհանուրը՝ 600 մլն դրամ։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության աշխատանքից գոհ է արտահանողների միության նախագահ  Րաֆֆի Մխչյանը։ Աջակցում են՝ ասում է:  Միաժամանակ նկատում է՝ սա նոր ինստիտուտ է Հայաստանում և շատ հաճախ տնտեսվարողները չեն գիտակցում ապահովագրության կարևորությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button