Տնտեսական

Ցրտահարության հավանականությունը նվազում է


Գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնից պարզել է՝ երեկոյան ամպամածությունն  ավելանալու է, իսկ սա նշանակում է, որ ցրտահարության հավանականությունը նվազում է, ռիսկը՝ փոքրանում՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է  գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Նա ասել է, որ պտղատու ծառերի ցրտահարության հետ կապված գյուղատնտեսության նախարարությունը ահազանգ չի ստացել: Պարզել են՝ այն տարածքներում, որտեղ ծիրանենին արդեն ծաղկել է՝ Արարատյան դաշտավայրում,  բացասական ջերմաստիճան չի գրանցվել: Իսկ սա նշանակում է, որ, այս պահի դրությամբ,  ցրտահարության վտանգ չկա: Վտանգված են սակայն  խաղողի այգիները:

Զվարթնոցի ավերակների մոտ եմ։ Այստեղ զբոսաշրջիկներին հետաքրքրում է ոչ միայն 7- րդ դարի ճարտարապետական այս հրաշքը, այլեւ դրա հարեւանությամբ ծաղկած ծիրանենիները։ Ընդհանրապես՝ Էջմիածնի տարածշրջանում կարելի է տեսնել բազմաթիվ ծաղկած ծառեր։

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում  չնայած անվանը հավատարիմ պայմաններին՝ քարքարոտ հողերին,  գյուղացիական տնտեսությունները  այգիներ են հիմնել ՝ պտղատու ծառեր, խաղողի այգիներ:

«Սաստիկ ձմեռվանից հետո ստույգ ասել, թե այգիների որ մասն է ցրտահարվել, այս պահին դժվար է»,- ասում է  համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանը։ Նա «Ռադիոլուր»-ի հետ  զրույցում  սակայն, ընդգծում է՝ հստակ է, որ խաղողի այգիների մի մասը ցրտահարվել է, մյուսը՝ ոչ:

«Խաղողը նոր էտել կապել են, մի քանի օր պետք է, որ  ցույց  տա վնաս կա թե չէ»:

Ի տարբերություն վերջին օրերին  մայրաքաղաքի ու հարակից մի շարք բնակավայրերի առատ տեղումների, նախորդ գիշեր այս համայնքում տեղումներ գրեթե  չեն գրանցվել: Գյուղապետն այս մասով  դեռ հանգիստ է, սպասում է մինչև ծառերը ծաղկեն: Առայժմ  որևէ բան կանխատեսել հնարավոր չէ. «Չեմ կարող ասել: Մինչև չծաղկի, փոշոտումը տեսնենք, նոր կերևա: Պարզ կլինի մի հինգ-վեց օրից»:

Նույն մարզի մեկ այլ համայնքի՝ Դալարիկի գյուղապետ Պարգև Սաղաթելյանը  նույնպես  նշում է, որ պտղատու ծառերը դեռ չեն ծաղկել, ուստի և ոչինչ ասել չի կարող:  Խաղողի այգիների մասով պատկերն արդեն ուրվագծվում է. «Մոնիտորինգ չենք արել, բայց մասնագետները, որ հիմա էտում են, ասում են՝ 60-70 տոկոսը ցրտահարված է»:

Դալարիկում այգեթաղ չեն արել՝ ասում է  գյուղապետն ու հստակեցնում՝  գյուղացիները գումար չունեին: Խաղողի այգիների ցրտահարության մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում  նաև գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ  Հարությունյանն է փաստում. «Այգեթաղ չկատարած տարածքներում  հատկապես սեղանի սորտի խաղողները  ցրտահարվել են, նրանց բերքը բավականին քիչ է: Տեխնիկական սորտի խաղողը, որոնք այգեթաղ չեն արվել, լավ չեն մշակել, ագրոտեխնիկայի կանոնները չեն պահպանվել, դրանց մոտ էլ բերքի կորուստ կա շուրջ 30 տոկոսով:

Պտղատու ծառերի ցրտահարության հետ կապված գյուղատնտեսության նախարարությունը ահազանգ չի ստացել: Պարզել են՝ այն տարածքներում, որտեղ ծիրանենին արդեն ծաղկել է՝ Արարատյան դաշտավայրում, բացասական ջերմաստիճան չի գրանցվել: Իսկ սա նշանակում է, որ այս պահի դրությամբ,  ցրտահարության վտանգ չկա. «Երեկոյան ճշտել ենք, ամպամածությունն ավելանալու է, նշանակում է, որ ցրտահարության հավանականությունը նվազում է: Վաղվանից էլ ոնց որ եղանակը տաքանում է, ամպամածությունն ավելանում է, նշանակում է, որ ռիկսը փոքրանում է:

Մասնագետները պնդում են՝ ամբողջական պատկերը պարզ կլինի ծառերի  ծաղկումից  ու ծաղկաթափումից հետո միայն:

Ցուցադրել ավելի
Back to top button