Հասարակություն

Ուղղակի վանդալիզմ․ Տարոն Մարգարյանը՝ ծառահատման ապօրինի դեպքի մասին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:

«Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է: Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին:

Վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, և օրենքն էլ թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Ըստ այդմ հանձնարարում եմ աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանութան հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Բոլորը պետք է իմանան, որ ցանկացած ապօրինի ծառահատում մեր կողմից երբեք չի արդարացվելու»,-ըստ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նկարը՝ hetq.am-ի

Ցուցադրել ավելի
Back to top button