Քաղաքական

Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Թբիլիսիում հաճելի անակնկալ են համարում


Թբիլիսիում հաճելի անակնկալ են համարում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Վրաստանում կարծում են՝ թեև վերջին շրջանում ակտիվ փուլ է մտել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, Հայաստանը միաժամանակ հարաբերություններն առաջ է սկսել տանել նաև Արևմուտքի հետ։

Այս տարի Թբիլիսիում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանը: Վրաստանի ՊՆ տարածած տեղեկատվության համաձայն` հուլիսի վերջին Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմաբազայում տեղի ունեցող զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ նախկին խորհրդային երկրներից Ուկրաինան։

Բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի պրո-ռուսական ու արևմտյան համագործակցության միջև մեծ հակասություններ չեն լինի, պաշտոնական Երևանը կցանկանա իր մասնակցությունն ունենալ՝ կարծում է Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին` հավելելով, որ Հայաստանի մասնակցությունը հաճելի անակնկալ է իր համար.

«Հայաստանը, ինչպես գիտենք, վերջին շրջանում ավելի է խորացրել Ռուսաստանի հետ համագործակցությունը, սակայն, միևնույն ժամանակ առաջ է մղել նաև Արևմուտքի հետ հարաբերությունները: ՌԴ-ն Հայաստանին չի խանգարում մասնակցել այս զորավարժություններին, քանի որ ոչ մի վտանգ այստեղ չի տեսնում: Զորավարժությունները նպատակ չունեն որևէ երկրի վնաս հասցնել»,-ասում է վրացի քաղաքագետը` անդրադառնալով այն փաստին, որ ՆԱՏՕ-ի Noble Partner- 2017 («Արժանի գործընկեր») անունը կրող թբիլիսյան նախկին երկու  վարժանքները քննադատել է Մոսկվան`այն որակելով  Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք:

Վրաստանում անցկացվող այս վարժանքներին մասնակցում են նաև Թուրքիան ու Ադրբեջանը: Սակայն վրացի փորձագետները գտնում են, որ այս փաստն ամենևին չպետք է կաշկանդի Հայաստանին` նկատի ունենալով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի  կազմակերպած անգլերենի դասընթացների ժամանակ տեղի ունեցածը, երբ ադրբեջանցի զինծառայողը քնած ժամանակ սպանեց հայ սպային։

«Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին այս առումով նշում է. «Մենք բոլորս քաղաքակիրթ ժողովուրդ ենք: Եթե համաձայնություն ես տալիս մասնակցելու միջազգային միջոցառմանը, պետք է հարգես հյուրընկալող երկրի օրենքները` մինչ մեկնելը հասկանալով ու ընդունելով պայմանները: Նմանատիպ գործողությունները չպետք է կրկնություն ունենան։  Բայց, իհարկե, կազմակերպող կողմը պետք է պատասխան տա անվտանգության առումով…»:

Կարևորելով Հայաստանի մասնակցությունը Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին, Թբիլիսիում գործող  հայալեզու «Ալիք» մեդիայի գլխավոր խմբագիր, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը նշում է.

«Վրաստանը պետք է դիտարկել որպես արևմտյան ինտեգրացիայի մի տարածք, հետևել այդ ընթացքին` հարևանի փորձից ինչ-որ բան սովորելու նպատակով: Նմանապես Վրաստանի համար Հայաստանը կարող է դիտարկվել որպես եվրասիական ինտեգրացիայի դաշտ»:

Խառատյանն այսօր ընդգծում է հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության անհրաժեշտությունը, որը թույլ կտա այդ ոլորտում բազմաթիվ հարցերի լուծում տալ:

Վրացի ռազմական փորձագետ Ալադաշվիլին համամիտ է.  «Անշուշտ մենք բարեկամ երկրներ ենք, հարևաններ և պետք է բոլոր ուղղություններով, այդ թվում և ռազմական, սերտ համագործակցություն ունենալ»:

Ցուցադրել ավելի
Back to top button