Հասարակություն

Էս պետությունից հեռու ենք, էն պետությունից՝ կտրված. Փշատավանցու դառը կատակը

Արմավիրի մարզի Փշատավան համայնքը պետական սահմանի մոտ է, այսինքն՝ Արաքս գետի հովտում, սակայն գյուղում ոռոգման ջրի խնդիր կա: Համակարգի քայքայվածության պատճառով ոռոգման ջուրը տեղ չի հասնում: Ոռոգման համակարգերը դեռ չեմ մաքրվել: Գյուղացիների մեծ մասը տնամերձ հողամասը ջրում են սեփական ջրհորներից, պոմպերի  միջոցով, որը կրկնակի ծախս է պահանջում:

«Գյուղում ամենակարևոր հարցը ոռոգման ջրի հարցն է, ոռոգման համակարգերը քայքաված են»,- ասում է Փշատավան համայնքի տարեց բնակիչ Արարատ Ավետիսյանը: Ջրանցքից  ոռոգման ջուր են ունենում  միայն գարնան առաջին 2 ամսվա ընթացքում, երբ հեղեղաջրերն են բաց  թողնում, մնացած ամիսներին ոռոգման ջրի սակավություն է:

Ոռոգման համակարգի անմխիթար վիճակը հանգեցնում է ջրի մեծ կորստի: Կիսախողովակները  կոտրված են, ինչի հետևանքով սեզոնին ոռոգման ջուրը տեղ չի հասնում, թեև ապրում են Արաքս գետի  ափին:  Արարատ Ավետիսյանը մտահոգված է, ոչ միայն իր հողամասի ոռոգմամբ, այլ համայնքի: «Մի 10 հատ կիսախողովակ պիտի փոխվի, եթե չփոխվեց, գյուղի հողամասերի մի մասը կմնա առանց ոռոգման»:

Հողագործը հարցը բարձրացրել է տեղական իշխանությունների առջև, պատասխանել են, որ աշխատանքները պետք է ծրագրով արվեն: Մինչև կմտածեն որևէ ծրագրով ոռոգման համակարգերի նորոգման մասին, հողագործի աշխատանքն արդեն  սկսվել է:  Այգեգործը դժգոհում է, որ այս շրջանում  գյուղում չունեն ոռոգման համակարգի պատասխանատու: «Հիմա պիտի առուները հանված լինեին, աշխատանքներն ավարտած, աշունը գալու են վարձերը ուզեն, դատարանով կուզեն»։

Արարատ Ավետիսյանի, ինչպես նաև համայնքի շատ բնակիչների, այգիները գտնվում են պետական  սահմանային գոտում: 1 հա-ի վրա  խաղողի և ծիրանի այգիներ են:  Արաքս գետից ոռոգման ջուրն իրենց հասնում է ջրանցքով, հենց այստեղ էլ կանգնում են փաստի առաջ՝ ջուրը տեղ չի հասնում: «Վարձերն ուզելու ժամանակ ասում եմ, ամեն ջրին դու իմ ջուրը տուր, քո փողը առ, չեն համաձայնվում»:

Փշատավանցիները աշխատող ու մշակող ժողովուրդ են, սակայն ոռոգման պատճառով մի մասը լավ բերք չի ունենում: Արարատ Ավետիսյանը խնդրի լուծման վերաբերյալ կատակում է՝ էս պետությունից հեռու ենք, էն պետությունից՝ կտրված, հիմա չգիտենք՝ ում դիմենք:

Գարնանային  աշխատանքները սկսվել են, գյուղացիներն արդեն այգիներում են, այգեբացն ավարտել են, սկսել են կապն ու էտը: Արարատ Ավետիսյանի տնամերձ հողամասի կեսը խաղողի վազեր են, մյուս կեսում կարտոֆիլ է աճեցնում: Այդ տարածությունը նախկինում ջերմոց է եղել: Ասում է ՝ գյուղացու սնունդը պետք է տանից լինի:

Տարվա ցուրտ ձմեռը շատ չի անհանգստացնում այգետիրոջը,  խաղողի վազերը հողով էր թաղել, չնայած կասկածանքով էր նայում որթատունկին՝ մինչև չկանաչի, չեն կարող որոշել ցրտահարվել է, թե ոչ:

Տնամերձ հողամասը մշակում և ոռոգում է սեփական ջրհորից: Գյուղում ստորգետնյա ջրերի մակարդակն ավելի բարձր է, 4 մետր խորքից ջուրը հողամաս է մղում պոմպի միջոցով, կրկնակի ծախում է, որպեսզի չարչարանքը իզուր չանցնի:

Ցուցադրել ավելի
Back to top button