Քաղաքական

Ազգային ժողովի նիստը չկայացավ

տեղադրված 12.54-ին
լրացված 16.31-ին

Այսօր պետք է մեկնարկեր ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 93 հարց, 29 միջազգային պայմանագիր է: ԱԺ շենքում դեռեւս պետք է հավաքվեն հին, այսինքն՝ գործող պատգամավորները: Նորերի աշխատանքային մեկնարկի օրը դեռեւս մնում է անորոշ, քանի որ հետընտրական գործընթացները դեռ շարունակվելու միտում ունեն Սահմանադրական դատարանում:

 

 

Մեկ ամսից ավելի է, ինչ խորհրդարանի աշխատանքը կաթվածահար է եղել: Նախորդ քառօրյա նիստը տապալվեց, քանի որ համընկավ քարոզարշավի հետ: Այս շաբաթ կրկին քառօրյա նիստերի ժամանակաշրջանն է: Խորհրդարանական ընտրություններից հետո ոչ թե նոր, այլ հին խորհրդարանը դեռ պետք է հավաքվի աշխատանքի: Բայց ինչպես երեւում է տրամադրություններից՝ ոչինչ չի սպասվում ոչ այսօր, ոչ վաղը : Եվ ընդհանրապես մինչեւ շաբաթվա վերջ խորհրդարանի շենքում ոչ մի իրադարձություն չի լինի: Միջանցքներն այստեղ դատարկ են, մթնոլորտը՝ լուռ: Այս պահին պատգամավորները գրանցվում են, բայց նիստ չի կայանա, քանի որ մեծ մասը չի ներկայացել աշխատանքի:

Քվորում չկա, գրանցվել է ընդամենը 16 պատգամավոր՝ անհրաժեշտ 66-ի փոխարեն:

Թերեւս վերջին աշխատանքային օրերն է ԱԺ-ում անցկացնում նաեւ հանրապետական խմբակցությունից պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Կուսակցության համամասնական ցուցակում նրա անունն այս անգամ անցողիկ տեղում չէր, բայց նա վստահեցնում է՝ չի նեղացել, թեեւ այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք ինքն անձամբ ցանկանում էր վերադառնալ խորհրդարան:

Պետաիրավական հանձնաժողովի ղեկավարը համոզված է նաեւ, հետընտրական գործընթացների բացակայությունը արդար ընտրությունների վկայություն է, բայց հանրապետական գործընկերոջ այս լավատեսությունը չի կիսում հեռացող պատգամավորներից եւ ընդհանրապես խորհրդարանից հեռացող քաղաքական ուժի մեկ այլ ներկայացուցիչ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:  Առաջիկայում ՀԱԿ-ը կենտրոնանալու է ՍԴ-ում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վրա:

ՍԴ դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետների համաձայն՝ ընտրությունների վերջնական արդյունքի հրապարակումից սկսած 5-օրյա ժամկետ է նախատեսված: Այն լրանում է ապրիլի 14-ին ժամը 18.00-ին: Եվ ահա հենց այս գործընթացներից է կախված, թե երբ է նոր խորհրդարանը հավաքվելու ԱԺ շենքում առաջին նիստը գումարելու համար: Մանրամասնում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ով ի դեպ, նոր խորհրդարանում արդեն կունենա պատգամավորական մանդատ:

Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ է, որ ընդունվում է վարչապետի հրաժարականը եւ 10-օրյա ժամկետում ձեւավորվում նոր կառավարություն: Կառուցվածքային փոփոխություններ սպասվում են նաեւ նոր խորհրդարանում: Այս պահի դրությամբ Հրայր Թովմասյանը խոսում է առայժմ մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button