ԿարևորՔաղաքական

Ադրբեջանն այսօր փակում է փոխզիջումների բոլոր հնարավորությունները՝ ասում է Արցախի ԱԳ նախարարը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Ուղիղ մեկ տարի առաջ   ապրիլյան ռազմագործողությունների վայրերում սկսվեց զոհվածների որոնումն ու դիակների դուրս բերումը։ Արցախի արտգործնախարար  Կարե Միրզոյանը չի թաքցնում, որ այն  ժամանակ  շփման գծում իրավիճակի բարելավման հույս կար, սակայն այդ հույսերը չարդարացան եւ մեկ տարի անց դժվար է ասել՝ կողմերը մոտեցե՞լ,  թե՞ ավելի են հեռացել իրարից: Բանակցություններով խաղաղության հասնելու կողմնակից  դիվանագետը այնուամենայնիվ հակառակորդի հետ խոսելը ինքնանպատակ չի համարում։ Ընդունում է նաեւ զենքի լեզուն, եթե այդ է պահանջում իր ժողովրդի շահը:

 

Ցանկացած բախմանը հաջորդող դիակների դուրսբերումը, փոխանակումը հարգաքի տուրք է զոհվածերին եւ Արցախի արտաքին գործերի նախարարԿարեն Միրզոյանը չի թաքցնում, որ մեկ տարի առաջ հույս ուներ, որ շփման գծում հարաբերական անդորրը կպահպանվի: Հիմա Արցախի արտգործնախարարը այլ իրականություն է արձանագրում. Ադրբեջանը հավատարիմ մնաց նախկինում որդեգրած քաղաքականությանը եւ   առայսօր շարունակում է սադրանքներ գործել, նպաստել լարվածության աճին եւ դա հետզհետե ակնհայտ է դառնում նաեւ միջազգային հանրության համար՝  չնայած պահպանվող հրապարակային չեզոքությանը:

«Գնալով ակնհայտ է դառնում, որ  բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի պատասխանատուն հենց Ադրբեջանն է իր  քաղաքականությամբ, իր հետեւողական քայլերով»,- ասում է Կարեն Միրզոյանը: Նման պայմաններում Արցախի ԱԳՆ ղեկավարը անիմաստ է համարում փոխզիջումների մասին խոսելը։ «Ադրբեջանը այսօր փակում է ուղղակի բոլոր  հնարավորությունները ոչ միայն փոխզիջումների համար, այլ ընդհանրապես փոխզիջումների մասին խոսելու համար»,- ասում է։

Այնուամենայնիվ՝ հայ դիվանագետների համար ցանկալին խաղաղ բանակցություններով ցանկալիին հասնելն: Դա, ըստ Արցախի արտգործնախարարի, պատմական հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու, արարելու, ստեղծագործելու խաղաղ կյանք կառուցելու տեսլականն է։

Կ. Միրզոյան. Դրա համար մենք անում ենք ամեն ինչ, եւ մենք համոզված ենք, որ այդ տեսլականը համահունչ է նաեւ այլ ժողովուրդների, այլ ազգերի տեսլականին, որովհետեւ ի վերջո խաղաղ Արցախը նշանակում է նաեւ խաղաղ Կովկաս, խաղաղ տարածաշրջան, խաղաղություն բոլորի համար, այդ թվում նաեւ՝ մեր հարեւան Ադրբեջանի համար»:

«Ռադիոլուր». Եթե  Ձեր ասած այդ  տեսլականին հասնելու ճանապարհին մինչեւ ապրիլ ենթադրվում էր, որ Արցախի հանրապետության  կարգավիճակի ճանաչումը կարող է մեծ քայլ լինել, ապա ապրիլից հետո շատ դժվար է համոզել մարդկանց, որ կարգավիճակը փրկություն է:

Կ. Միրզոյան. Արցախահայության եւ ընդհանրապես հայության փրկությունը իր ինքնապաշտպանության  ունակությունն է:Ինքնապաշտպանություն ասելով ես  ոչ միայն նկատի ունեմ հզոր եւ  ամուր, մարտունակ բանակ, ես նկատի ունեմ նաեւ հաջողված պետական մոդել, առողջ տնտեսություն ակտիվ հասարակություն,երջանիկ եւ ապագային հույսով նայող մարդիկ: Այդ պարագայում որեւէ ուժ չի կարող մեզ հաղթել:

Արցախի արտգործնախարարը նաեւ  փաստում է` եթե այս պահին հակառակորդը զենքի լեզուն է հասկանում, ապա ինքը դրա կողմնակիցն է։ «Եթե այսօր մեր շահերը, իմ ժողովրդի շահերը պահանջում են ռազմական պատասխան, պահանջում են անվտանգության  բարձրացում շփման գծում, պահանջում են, որ հակառակորդի հետ խոսենք, այսպես ասած ,  զենքի լեզվով, ապա մենք պետք է գնանք այդ քայլին, որովհետեւ չկա ավելի բարձր արժեք, քան մեր ժողովրդի անվտանգությունը, նրա խաղաղ ապրելու իրավունքն է»:

Ցուցադրել ավելի
Back to top button