Մշակույթ

Օպերայից խորովածի հոտ չի գա


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային օպերայի եւ բալետի թատրոնը հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Այսօր շենքի ճակատագիրը կրկին հասարակության ուշադրության կենտրոնում է: Մշակույթի նախարարը հայտարարել էր, որ հնարավոր է շենքի տանիքում գործի ռեստորան:


Այս պահին օպերայի եւ բալետի թատրոնի շենքին կից տարածքից ոչ խորովածի, ոչ էլ քյաբաբի հոտ դեռ չի գալիս: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արդեն խոստացել է՝  ապագայում նույնպես այդպիսի դրսեւորումների  ականատես չենք լինի: Բայց շատերը մտավախություն ունեն, որ շուտով այս շենքը կվերածվի այսպես ասենք «մի կտոր հաց ուտելու վայրի»:

Հիշեցնեմ, որ երեւանցիների սրտացավությունը օպերայի եւ բալետի շենքի վերաբերյալ արթնացել էր նաեւ մի քանի տարի առաջ, երբ բանավիճում էին, թե արժե՞ արդյոք խաթարել Թամանյանի հեղինակած շենքի ընդհանուր տեսքը եւ  թույլատրել բացօթյա սրճարանների աշխատանքը: Այն ժամանակ հասարակությունը խիստ դեմ էր եւ դժգոհ, բայց այսօր, կարծես հարմարվել ենք: Ահա այս պահին էլ սրճարաններում կան մարդիկ, ովքեր ամենեւին օպերային երաժշտություն չեն լսում այնտեղ:

Քննադատություններ, դատափետումներ եւ խիստ հեգնանք. հասարակության մեջ՝ նաեւ ֆեյսբուքյան հարթակում, խիստ դժգոհում են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ օպերայի եւ բալետի շենքում ռեստորան բացելու առաջարկից: Շատերը նույնիսկ պարզապես հիասթափված գրում են՝ «Ամիրյանից այդպիսի բան չէինք սպասում»: Այսպիսի արձագանքից հետո հնարավո՞ր է նախարարությունը փոխի իր որոշումը՝ «Ռադիոլուրի» հարցին պատասխանում է մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը:

«Լրագրողները կհրավիրվեն ու նախագծի կարեւոր փուլերը կներկայացվեն: Ամեն ինչ լինելու է բաց եւ թափանցիկ, ինչպես եղել է մինչ օրս»:

Գաղափարին կողմ, իրագործմանը՝ զգուշավոր. այսպիսի կեցվածք ունի «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Գաղափարը հաջողության հասցնելու համար, կարծում է, պետք է ապահովել մի քանի նախապայման:

«Անտարեսի» հրատարակիչն օրինակ է բերում իր սիրելի վայրերից մեկը՝ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի հուշանվերների խանութը։ Մեկ ժամից ավելի կարող է անցկացնել այնտեղ՝ ծանոթանալու ստեղծագործողների մտքի թռիչքին եւ հուշանվերների ասպարեզում նոր առաջարկներին:

Բուռն քննարկումներին եւ քննադատություններին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ցավում է, որ Օպերային թատրոնի խաղացանկի, ստեղծագործական ռազմավարության մասին բանավիճելու փոխարեն մեր հասարակության մեծ մասը նախընտրեց խոսել պարզ կենցաղային վերակառուցման ծրագրի մասին միայն՝ խեղաթյուրելով ծրագրերի իրական պատկերը: Իսկ այն, որ թատրոնի հետ կապված ծրագրերը շատ են եւ բազմակողմանի՝ նա արդեն ասել էր:

Այն, ինչի մասին խոսում ենք, վաղուց գործում է աշխարհի առաջատար օպերային թատրոններում՝ Վիեննայի, Սիդնեյի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում, Փարիզի «Գրանդ» օպերայում, Լուվրի պատկերասրահում: Թվարկումը դեռ կարելի է շարունակել: Այստեղ պարզապես խնդիրը, հավանաբար ընկալումների մեջ է՝ ով ինչպես է պատկերացնում ռեստորանը: Ոմանց համար խորոված ուտելու եւ ռաբիս երաժշտություն լսելու տեղ է, մյուսների համար՝ բարձրաճաշակ զրույցների, շամպայնի եւ լավ ու կիրթ մթնոլորտի: Խնդիրն արդեն հասարակությանն է, թե որ ուղղությունն է նախընտրելու:

Ցուցադրել ավելի
Back to top button