Տնտեսական

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել պետձեռնարկությունների հետագա գործունեության առաջարկներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն:

Վարչությունը, ելնելով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների 2013, 2014 և 2015 թվականների տնտեսական արդյունքների վերլուծությունից, ըստ գործունեության արդյունավետության մակարդակի իրականացրել է նշված կազմակերպությունների դասակարգում, ինչի համար որպես հայտանիշներ ընդունվել են կազմակերպությունների շահութաբերության մակարդակը և միտումները: Նշվել է, որ 2015-ին ֆինանսատնտեսագիտական վերլուծության ենթարկված 194 կազմակերպությունների ըստ ակտիվների միջին շահութաբերությունը կազմել է ընդամենը 1,2 տոկոս, ակտիվների մեծությունը՝ 752 միլիարդ 225 միլիոն 558 հազար դրամ, շահույթի ընդհանուր ծավալը՝ 8 մլրդ 947 մլն 800 հազար դրամ: Եթե կազմակերպություններն առաջիկայում աշխատեն բանկային վերաֆինանսավորման 6 տոկոս շահութաբերությամբ, ապա շահույթի ծավալը կկազմի 45 մլրդ դրամ:

Լսելով վերլուծությունը՝ վարչապետ Կարապետյանը նկատել է, որ շահութաբերության բարձր ցուցանիշներ արձանագրած ձեռնարկությունները հիմնականում պետպատվեր ստացողներն են և ընդգծել. «Այս վիճակագրության մեջ մի պարզ ճշմարտություն կա. որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում, շահույթ չկա: Անհրաժեշտ է շահութաբերության ցուցանիշը բարձրացնել: Այն, որ ներկայիս միջին շահութաբերությունը շատ ցածր է, չի նշանակում, որ պետք է առաջ գնանք 6 տոկոս շահութաբերությամբ: Յուրաքանչյուր նախարար պետք է ուսումնասիրի իր  ենթակայությամբ գործող հիմնարկների վերջին երեք տարիների գործունեությունը:Այն  ղեկավարը, ով  անհույս է՝ պետք է հեռացնել, իսկ նա, ով ներկայացնում է նորմալ ծրագիր՝ ավանսով պետք է նորից  նշանակել: Նախարարները պետք է հստակ յուրաքանչյուր ձեռնարկության  վերաբերյալ ներկայացնեն առաջարկություն: Վերլուծությամբ պետք է հասկանանք, թե 194 ձեռնարկությունից որն ենք սեփականաշնորհում, քանի տնօրենի ենք ժամանակ տալիս: Յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ինձ պետք է ներկայացնեք կանխատեսում, թե ինչ ենք անելու դրա հետ, նաև հանդես գաք վարչական, իրավական, բիզնես առաջարկներով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է սահմանել հստակ ժամանակացույց, ըստ որի նախարարներն անհատական կարգով պետք է ներկայացնեն իրենց համակարգման ոլորտում գտնվող պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեության վերլուծություն և առաջարկություններ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրին, որով նախատեսվում է մասնավորեցնել պետական բաժնեմաս ունեցող 41 առևտրային կազմակերպություն: Վարչապետը հանձնարարել է ծրագիրը դնել շրջանառության մեջ, իսկ շահագրգիռ գերատեսչություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button