ԿարևորՀասարակություն

Ս. Աստվածածնի Ավետման տոնը Մայր Աթոռում

Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ս. Աստվածածնի Ավետման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է նաև իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Մայր Տաճարում օրվա պատարագիչն էր Մայր Աթոռի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Հայր Սուրբը սրբազան արարողության ընթացքում հավուր պատճաշի քարոզ խոսեց` անդրադառնալով օրվա խորհրդին և ընդգծելով Տիրամոր դերակատարությունը մարդկության պատմության մեջ: Զաքարիա ծայրագույն վարդապետը նաև շնորհավորեց Ս. Պատարագին ներկա մայրերին, կանանց և օրիորդներին, մաղթելով քաջառողջություն ու երջանկություն, և հայցեց Ս. Աստվածածնի բարեխոսությունը նրանց համար:

«Ս. Աստվածածինը ճշմարիտ մոր, Աստծու կամքին անվերապահ հնազանդվող և իր առաքելությունը գիտակցող մարդու օրինակն է, ով ոչ միայն ծնեց աշխարհի Փրկչին, այլև տառապեց ու ցավ ապրեց` իր միակ զավակին տալով մարդկության փրկության համար: Տեսեք` նա երբեք չտատանվեց և թերահավատ չգտնվեց, այլ իր անսահման խոնարհությամբ ցույց տվեց, որ Աստծու կամքը վեր է երկրային ամեն ինչից:

Անկասկած, նույն ձևով մենք էլ, եթե Աստծու կամքը գերադասենք մարդկային մեր կամքից և զանազան ցանկություններից, ապա Աստված մեզ նույնպես Տիրամոր նման կդարձնի իր առաքելության անբաժանելի մասնիկը»,- նշեց Հայր Զաքարիան:

Ս. Պատարագի վերջում, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ:

Ցուցադրել ավելի
Back to top button