Հասարակություն

Երբ մայրերին միավորում է որդիների կորուստը

Ապրիլյան պատերազմը նրանց միավորեց, նրանք մինչ այդ չէին ճանաչում միմյանց: Հերոսների հերոս մայրերը այսօր մտերիմներ են, ու տեղյակ մեկը մյուսի հոգսերից: «Ռադիոլուրը» մեկ ամբողջ օր անցկացրել է ապրիլյան պատերազմի հերոսներ Գրիգոր Հարությունյանի ու Բագրատ Ալեքսանյանի մայրերի հետ, նրանց հետ այցելել Արտաշատի Այգեզարդ գյուղ, որտեղ դպրոցականները հուշ-ցերեկույթ էին կազմակերպել հերոսների հիշատակին:

 

Զրուցակիցներս ապրիլյան պատերազմի հերոսներ Գրիգոր Հարությունյանի ու Բագրատ Ալեքսանյանի մայրերն են: Նրանք մինչ ապրիլյան պատերազմը չեն ճանաչել միմյանց: Ապրիլյան պատերազմից հետո դարձել են մտերիմներ, նրանց միավորել է որդիների կորուստը։ Երկուսի որդիներն էլ զոհվել են Ջեբրայիլում, եղել են 18 անհետ կորած զինվորների շարքում։

Գրիգոր Հարությունյանի  հայրը մահացել  է 13 տարի առաջ։ Տիկին Անահիտը  միայնակ է մեծացրել իր չորս զավակներին։ Պատմում է, որ  Գրիգորը ծանր մանկություն է ունեցել: 9-րդ դասարանից դպրոցից դուրս  է եկել ու սկսել  է աշխատել՝ բազմանդամ ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար։ Տիկին Անահիտը  ասում է՝ Գրիգորից հետո ավելի է ուժեղացել ու լրիվ այլ մարդ է դարձել: Փոխվել են  անգամ իր պայքարի ձևերը: Որդու հետ վերջին անգամ խոսել է մարտի 31- ին:

Հետո  արդեն նրան հայտնել են այդ լուրը, հայտնել, որ  Գրիգորը զոհվել է մարտական դիրքը պաշտպանելիս:  Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ նրանց անձնակազմը քայլ անգամ չի նահանջել՝ ցուցաբերելով խիզախություն ու արիություն, փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: 19- ամյա Գրիգորը հինգ ժամ շարունակ Ջեբրայիլում (Ջրական) կռիվ է տվել 200 հոգանոց վարձկանների դեմ:

Բագրատ Ալեքսանյանը բանակ էր զորակոչվել 2014 թվականի հուլիսի 18-ին: Նա իր ծնողների, եղբոր` Սամվելի հետ Մոսկվայում է ապրել, բայց 2013 թվականին թողել է մոսկովյան աշխատանքն ու վերադարձել  Հայաստան` պարտքը կատարելու:  Եղբոր հետ ծառայում էր նույն զորամասում.  Բագրատ Ալեքսանյանը  Հրեշտակների ջոկատի հերոս  տղաներից մեկ է եղել: Տիկին Նարինեն  որդու հետ խոսել էր ապրիլի 1- ին:

Հետո արդեն պարզ էր, Բագրատը 18 խոշտանգված զինվորներից մեկն էր։ Տիկին Նարինեն ասում է, որ մինչ այս պահը չի կարողանում ստանալ մեկ հարցի պատասխան. «Մարմինը խոշտանգել էին, բայց վզի խաչին ձեռք չէին տվել»։

Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դպրոցականներն են  բեմում, նրանք հարգանքի տուրք են մատուցում ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:

Դահլիճում նստած Բագրատի ու Գրիգորի մայրերը հուզվում են, բայց միևնույն ժամանակ լցվում հպարտության զգացումով:  Գրիգորի մայրը՝ գնդապետ Անահիտ Հարությունյանն  ասում  է, որ որդին ամեն անգամ նայելով իր շքանշաներին՝ ասում էր՝ պետք է ես  էլ  այդ շքանշաններից  ունենամ:

«Այսօրվանից դու ազատ ես». սա Բագրատ Ալեքսանյանի գրքից է։ Նրա զոհվելուց հետո մայրն իրականացրեց որդու երազանքը՝ հրատարակելով  նրա  ստեղծագործությունները՝ «Վերադարձ» վերնագրով։ Պատում է, որ ամեն անգամ, երբ որդին բանակից զանգում էր,  խնդրում էր, որ բանաստեղծությունները պահի, հանկարծ որևէ տեղ չնետի: Ու միշտ  ասում էր. «Մամ ջան իմ մասին դեռ շատ  են խոսելու»:

Բագրատ Ալեքսանյանն ու Գրիգոր  Հարությունյանը հետմահու պարգևատրվել են  «Մարտական ծառայության» և «Արիության» շքանշաններով։

Ցուցադրել ավելի
Back to top button