Հասարակություն

Այսօր Առողջության համաշխարհային օրն է, թեման՝ «Դեպրեսիան»


Այսօր Առողջության համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարի օրվա թեմա է հռչակել «Դեպրեսիան», իսկ կարգախոսը՝ «Եկ խոսենք»:  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում թեմայի շուրջ խոսել են միջազգային եւ տեղական մասնագետներ ու հարցով մտահոգվածներ: Նրանք շեշտել են, որ դեպրեսիան, հատկապես վաղ շրջանում, քիչ ծախսերով բուժվող հիվանդություն է, մինչդեռ խորը դեպրեսիայով տառապող մարդկանց երեք-քառորդն աշխարհում չի ստանում համապատասխան բուժում՝ մասնագետներին դիմելուց խուսափելու պատճառով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Հայաստանի առողջապահական գերատեսչությունը կոչ են արել դեպրեսիայի վաղ շրջանում դիմել մասնագետներին, քանի որ այս ախտահարումը հաճախ զուգորդվում է այլ վիճակների հետ եւ կարող է հանգեցնել ինքնասպանության:

 

Դեպրեսիան՝ ընկճախտը, անաշխատունակության կամ առողջության կորստի հանգեցնող երկրորդ առավել տարածված գործոնն է՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության: Վերջինիս տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տարի գրանցվող 128 հազար ինքնասպանությունների հիմնական պատճառը հենց այդ ախտն է: Աշխարհում դեպրեսիվ խանգարումներով մարդկանց թիվը կազմում է շուրջ 40 մլն: Խանգարումների տարածվածության ցուցանիշները տարբեր երկրներում տատանվում է բնակչության ընդհանուր թվաքանակի 3.8 – 6.3 տոկոսի միջակայքում: ԱՀԿ հաշվարկների համաձայն՝ 2020 թվականին աշխարհում դեպրեսին կզբաղեցնի 2-րդ տեղը՝ որպես հաշմանդամության հանգեցնող հիվանդություն:

Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Իգոր Զայցեւի խոսքով՝ չնայած դեպրեսիան բավականին տարածված է եւ կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ ու կյանքի ցանկացած փուլում, այն ոչ միշտ է հայտնաբերվում եւ բուժվում: Խորը դեպրեսիայով տառապող մարդկանց երեք-քառորդը չի ստանում համապատասխան բուժում: Ընկճախտով տառապում են բոլոր տարիքի եւ սոցիալական խմբերի մարդիկ: Հոգեկան տանջանքներ, որոնք ազդում են առօրյա խնդիրների լուծման վրա, տրամադրության անկում, ինքնագնահատման նվազեցում, մարմնական հիվանդությունների վատթարացում – սրանք դեպրեսիայի ախտանշանների մի մասն են: Ներկայացնելով ախտանշանները՝ Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն ասաց, որ ընկճախտը երբեմն անհիմն հետազոտությունների եւ անհամարժեք բուժման պատճառ է դառնում: Մինչդեռ, նա վստահեցրեց, որ Հայաստանում կան համապատասխան մասնագետներ ու հաստատություններ:

ԱՀԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Իգոր Զայցեւի խոսքով նույնպես մարդու կենսագործունեությունը սահմանափակող այս խնդրի եւ դրա հետ կապված խարանի շուրջ բաց երկխոսության կարիք կա.

«Շատ կարեւոր թեմա է, որի մասին, գուցե, նախկինում քիչ է խոսվել: Ոչ ոք երաշխավորված չէ այս ախտից: Բայց լավն այն է, որ դեպրեսիան հնարավոր է կանխարգելել եւ արդյունավետ բուժել: Կարեւոր է այս խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման աստիճանի բարձրացումը, խնդրի ճիշտ ըմբռնումը եւ խարանի նվազեցումը: Գլխավորը՝ մարդուն օժանդակություն ցույց տալ կարողանալն է»:

Առողջապահության համակարգի գործունեության գնահատման 2016-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանի բնակչության 40 տոկոսը գտնվում է թեթեւ դեպրեսիվ վիճակում, 2.9 տոկոսը՝ միջին, իսկ ծանր ընկճախտի տարածվածությունը կազմում է 0.1 տոկոս: ՀՀ առողջապահության նախարարության բուժծառայությունների քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նազարյանը վստահեցնում է, որ խնդրին ներկայումս բավականին մեծ ուշադրություն են դարձնում: Խնդիրն առողջության առաջնային պահպանման օղակին առավելագույնս մոտեցնելն է ու առավել հասանելի դարձնելը:

«Ամենադժվար իրավիճակներից անգամ ելք կա: Պարզապես պետք է շփումը մասնագետների հետ դարձնել ավելի անկաշկանդ ու հեշտ: Այսինքն՝ հանրությունը պիտի դուրս հանի իր մեջից մոտեցումը, որ դեպրեսիան խարան է»:

Այսօր կարծես թեմայի մասին խոսելը նորմալ չէ, սակայն կարեւոր է՝ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: Նրա փոխանցմամբ՝ օրվա քարոզարշավն էլ նպատակ ունի բարձրացնել հանրության լայն շրջանակների իրազեկվածության մակարդակը՝ դեպրեսիայի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների, ինչպես նաեւ ընկճախտով տառապող մարդկանց օգնելու ձեւերի վերաբերյալ:

«Եկեք խոսենք. սա իրազեկության բարձրացման համար առաջնային եւ կարեւոր քայլ է: Խոսելու թերապիան նաեւ դեպրեսիան բուժելու առաջին քայլն է բոլորի համար՝ անկախ տարիքից: Հնարավոր է, որ Ձեզ տանջող դեպրեսիայի մասին խոսելով Դուք անմիջապես չձերբազատվեք դրանից, սակայն, այդ մասին խոսել սկսելը Ձեր առաջին քայլն է»:

Մասնագետները հորդորում են խոսել թեմայի շուրջ, դիմել իրենց եւ վստահեցնում՝ այդ դեպքում դեպրեսիայի լիարժեք բուժումը երաշխավորված է:

Ցուցադրել ավելի
Back to top button