Մշակույթ

Ամենահին ժողգործիքները՝ Կոմիտասի թանգարանում (լուսանկարներ)


Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր բացվել է «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։ Ներկայացվում են բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ…

Ցուցադրության խորագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսի բացառիկ ցուցանմուշներ են ցուցադրվում: Նվագարանների և նվագական երաժշտության պատմությունն ու պատմական զարգացման ընթացքն առավել ամբողջական ներկայացնելու համար հենց ցուցասրահի մուտքի մոտ նշմարվում են հնագիտական իրերը: Քանի որ բազմաթիվ իրեր Հայաստանում չեն, օգտագործվել են նաև գրաֆիկական լուծումներ: Ցուցասրահում, ի դեպ,  ինձ ուղեկցում է հենց ժամանակավոր ցուցադրության համադրող  Նայիրի Խաչատուրյանը և մանրամասն ներկայացնում բացառիկ նմուշները:

2-րդ գրաֆիկական նմուշը Գեղամա լեռների ժայռապատկերներից մեկն է: Ներկայացված է ծիսական պար և քնարահար երաժիշտ: Իսկ ահա ապակյա ցուցափեղկի մեջ ցուցադրվում են երաժշտական ամենահին գործիքները:

Հնագիտական իրերին հաջորդում է պեղածո երաժշտություն, ապա մատենապատկեր կատարումներ խորագիրը կրող  բաժինը: Թվայնացված ցուցադրության միջոցով այստեղ ներկայացվում են 40 նմուշներ, որոնք հիմնականում տրամադրել է Մատենադարանը: Իհարկե նվագարանների մասին խոսելիս պետք է անդրադառնալ նաև վարպետի կերպարին և ցուցադրության հենց մեջտեղի հատվածում՝ թանգարանի զանգակատանը,  վարագույրների միջոցով փորձել են ստեղծել նվագարանաստեղծ վարպետի արհեստանոցի մի միջավայր:

Թերևս ամենահետաքրքիրը ցուցադրության 2-րդ հատվածում է ներառված:

Մոտենում ենք ազգային նվագարանների բաժնին, այն կազմված է երեք՝ հարվածային, փողային և լարային հատվածներից:

Բավականին ճոխ են ներկայացվածը նաև փողային գործիքները:  Այստեղ կարելի է տեսնել պարկապզուկ, զուռնա, պկու և սրինգ: Դե իսկ ցուցադրված շվիները պատրաստված են եղեգնից և ծիրանենուց:

Ինչպես հարվածային, այնպես էլ փողային և լարային գործիքների կատարումները կարող ենք լսել ականջակալներով:

Ցուցադրության մասն է նաև կրթական սեղանը, որի վրա կարելի է տեսնել բազմաթիվ երաժշտական ժողգործիքներ: Դրանք էլ նախատեսված են այն այցելուների համար, ովքեր դրանք փորձարկելու ցանկություն կհայտնեն:

Նշենք, որ ցուցադրության նպատակն է լույս սփռել նվագարանների ստեղծման և զարգացման պատմության, դրանց կենցաղավարման, գործառույթների, մշակութաբանական համապատկերի վրա։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև օգոստոսի 29-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button