Տնտեսական

Գնաճ. վիճակագիրներն արձանագրում են, տնտեսագետները՝ վերլուծում


ՀՀ տնտեսությունն այս պահին շատ վատ վիճակում է, ինչը որևէ մեկը չի թաքցնում: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հիշեցրել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ խոսելով երկրի տնտեսության վրա նախընտրական գործընթացների եւ հետընտրական սպասվող տնտեսական փոփոխությունների հեռանկարների մասին: Նա ՀՀ տնտեսական խնդիրները պայմանավորում է ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի անդամակցությամբ: Ի տարբերություն տնտեսագետների՝ վիճակագիրները տնտեսության վարքագծի պատճառահետեւանքային կապերի մասին չեն խոսում եւ միայն արձանագրում են դրսեւորումները: Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն այսօր հայտնել է, որ այս տարվա փետրվար-մարտ ամիսներին արձանագրված գնանկումից հետո, նկատվում է գնաճ: Նկատվող գնաճի մասին այսօր խոսել է նաեւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

 

Հայաստանի տնտեսության վիճակը վատ է, քանի որ այն ՌԴ տնտեսության ծայրամասն է: Այս ձեւակերպումը տնտեսագետ Աշոտ Եղիազարյանինն է:  Նրա խոսքով՝ այսօր  ՌԴ տնտեսությունը ճգնաժամի մեջ է՝ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում: Տնտեսագետի համոզմամբ՝ Ռուսաստանը չի կարող խուսափել կոլապսից.

«Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ կախված է եղել այդ տնտեսությունից: Ռուսաստանը վերահսկում է ՀՀ բոլոր հիմնական ենթակառուցվածքները, վերահսկողությունն այնքան է, որ փակում է այլընտրանքային գործընկերներ ունենալու հնարավորությունները»:

Ի տարբերություն տնտեսագետի՝ վիճակագիրները տնտեսության վարքագծի պատճառահետեւանքային կապերի մասին չեն խոսում եւ միայն արձանագրում են դրսեւորումները: Ընդ որում՝ վիճակագիրները չեն կարող գնանկման եւ գնաճերի մասին խոսել՝ ելնելով նախընտրական եւ հետընտրական շրջանների գործոններից: Ի պատասխան մեր հարց-դիտարկմանն՝ այդ մասին այսօր շեշտեց Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Վիճակագիրների վերլուծություններում, պարզապես սեզոնայնության գործոններն են հաշվի առնվում՝ ասաց Գուրգեն Մարտիրոսյանը՝ հայտնելով, որ այս տարվա փետրվար-մարտ ամիսներին արձանագրված գնանկումից հետո, նկատվում է գնաճ:

«Այս տարի գնաճը, 1.4 տոկոս է, այսինքն՝ 1 տոկոսային կետով այս տարվա երեք ամիսների գնաճը ավելի բարձր է, քան նախորդ տարվա երեք ամիսներին: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները դեկտեմբերի համեմատ աճել են 5.2 տոկոսով: Ընդ որում՝ մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, սննդամթերթի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.4 տոկոսով»:

Արձանագրված գնաճի խնդրին այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ի՞նչ գործոններ են ազդել, օրինակ, շաքարավազի եւ բանանի թանկացման վրա. լրագրողների այս հետաքրքրությունը Վարդան Արամյանն անպատասխան թողեց՝ շեշտելով, որ դա մեկնաբանելու համար պետք է վերլուծել ամբողջ արժեշղթան:

Ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի՝ մեր երկրի տնտեսության փրկության միակ ճանապարհը ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության խորացումն է, ինչն ավելի մեծ հնարավորություն կբացի Հայաստանի համար: Մինչդեռ, տնտեսագետի խոսքով, խորհրդարան են անցել չորս ուժ եւ դրանցից միայն մեկի մոտ է դեպի ԵՄ ճանապարհով գնալը նշվում.

«Բայց ինչ է առաջարկում «Ելք»-ը: Այն առաջարկում է ընդամենը ԵՄ-ի հետ կնքել խորը և համապարփակ առեւտրի համաձայնագիր, սակայն չի ասվում, թե ինչպես:  ԵՄ-ի  հետ նման համաձայնագիր ստորագրելու համար հարկավոր է դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ այդ կառույցները հակասում են իրար»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն անհավանական է համարում դա, հետեւաբար՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը: Մեր այն դիտարկմանը, որ ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է եւ ԵՄ դիտորդներն էլ, գնահատելով վերջին խորհրդարանական ընտրությունները, միաժամանակ շեշտեցին, որ այն հիմք է ստեղծում ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացման համար ու չբացառեցին մինչեւ տարեվերջ այդ  համաձայնագրի ստորագրումը՝ տնտեսագետն այսպես արձագանքեց.

«Մնալով ԵԱՏՄ-ում մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ կլինի շատ սահմանափակ եւ այն ազդեցությունը չի ունենա, ինչը որ անհրաժեշտ է Հայաստանին որպես ինքնիշխան երկիր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առումներով զարգանալու համար»:

Այնուամենայնիվ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը հավելեց, որ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը մեծ քայլ կլինի: Եթե ստորագրվի՝ եզրափակեց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button