Աշխատանքային արտակարգ իրավիճակ. վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ


Կառավարության որոշմամբ, Հայաստանում ապրիլի 17-ը ոչ աշխատանքային կլինի: Փոխարենն աշխատանքային է հայտարարվել մայիսի 6-ը: Հիշեցնենք, ապրիլի 16-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հարության տոնը, որին հաջորդող երկուշաբթին հանգուցյալներն հիշատակի օրն է: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Աշխատանքային արտակարգ իրավիճակ. խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության առաջին նիստն այսպես սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա մեկ անգամ ևս ընդգծեց՝ ընտրություններում իրենց թիմն ստացել է երկրում փոփոխություններ անելու քվե:
«Այդ իսկ պատճառով իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին՝ աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Այնպես որ, ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»:
Վարչապետի հայտարարությանը արձագանքեց արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը. «Պարոն վարչապետ, քանի որ հանձնարարում եք արտակարգ իրավիճակ սահմանել, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այս որոշման նախագիծը»:
Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգն էր ներկայացնելու ԱԻ նախարարը։
Իսկ ինչ է նշանակում աշխատանքային արտակարգ իրավիճակը կառավարության համար։ Արդեն նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պարզաբանեց. «Մենք պետք է շարունակենք ոչ թե մեզ տրված ութ ժամը այլ՝ օրական 10-12 ժամ՝ ներառյալ նաև շաբաթ օրերը: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ շատ ավելի բարձր նշաձող ենք վերցրել, քան այլ հավասար պայմաններում կարելի է իրականացնել, դրա համար պետք է ավելի շատ աշխատենք»:
Խոստացավ՝ կատարելու են իրենց առջև դրված խնդիրները։ Խոստացավ ոչ միայն ֆինանսների, այլեւ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարը։ Կաշխատենք այնպես, որ մարդիկ իրենց վրա զգան այդ փոփոխությունները՝ ասաց Վահան Մարտիրոսյանը։