Հասարակություն

Վերականգնողական կենտրոն՝ ոչ միայն ապրիլյան պատերազմի զինվորների համար


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում ստեղծվելու է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն: Ի դեպ` շաբաթ օրը վիրավոր զինվորների մասնակցությամբ անցկացված ծառատունկի ընթացքում Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը տղաներին հրավիրեց մասնակցելու օպերային թատրոնում կայանալիք «Սիրում եմ քեզ, Հայաստան» խորագրով համերգային ծրագրին:  Համերգը սկսվելու է առաջիկա րոպեներին, իսկ տղաներին համերգի ուղեկցում են  ԵՊԲՀ ուսանողները,  Պայմանավորվածության համաձայն տղաները մաեստրո Օրբելյանի հետ  բեմում  պետք է  կատարեն մեկ ստեղծագործություն: Մինչ այդ, «Ռադիոլուրը» զրուցել է վերականգնողական բուժում ստացող տղաների հետ  ու մանրամասն տեղեկացել, թե ինչ գործառույթներ է իրականացնելու  նոր բացվող վերականգնողական կենտրոնը:

Դանիել Դավթյանը  ապրիլյան պատերազմի մասնակից է։ Ապրիլի 3 ին վիրավորվեց Մատաղիսում, ու հենց այդ օրվանից էլ բժիշկները սկսեցին պայքարել  նրա կյանքի համար։  Մի քանի անգամ  վիրահատության ենթարկվեց,  հիմա բուժման կուրսեր է անցնում Հերացու անվան թիվ մեկ համալսարանական հիվանդանոցում։ Նրա հետ աշխատում են կամավոր վերականգնողները:

Արկադի  Մկրտչյանը 10 տարի գամված է եղել սալյակին։ Վերկանագնողներն սկսել են աշխատել նրա հետ անցյալ տարվանից։ Կամավոր վերկանգնող Դավիթ Պարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ եթե Արկադիի հետ աշխատեին ավելի վաղ, ապա արդյունքները առավել տեսանելի կլինեին:

Այս պահին ստացիոնար վերականգնողական  բուժում ստանում է 4 զինհաշմանդամ, իսկ 16-ը բուժումն ստանում է ամբուլատոր։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նախատեսում է մինչև սեպտեմբեր Հերացու անվան թիվ մեկ հիվանդանոցային համալիրին կից բացել  նոր վերականգնողական կենտրոն։

Կենտրոնը  կառուցելու համար դրամահավաք է սկսվել։  «Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» խմբի անդամ Հայկուհի Մինասյանն ասում է, որ
կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր, փորձելու են լուծել զբաղվածության խնդիրը:

Վերականգնողական բուժման կենտրոնը թույլ կտա ունենալ ավելի քիչ զինհաշմանդամ՝ ասում  է  Հայկուհի Մինասյանը, իսկ   Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը մանրամասն  նկարագրում է, թե  կենտրոնն ինչ գործունեություն է  ծավալելու։ Այն  ոչ միայն իրականացնելու է  բուժական աշխատանքներ, այլեւ կենտրոնում սոցալիզացիայի խնդիրն է լուծվելու: Բուժման կուրսեր անցնող զինծառայողները շփվելու են իրենց տարիքի ուսանողների հետ:

«Շատ երկար ամիսներ է արդեն այդ ընկերությունը մեզ կապում տղաների հետ, պարզ, մարդկային հարաբերություններ են ստեղծվել։ Ես ոչ միայն բոլորի անունները գիտեմ, այլև նրանց ընտանիքներում եմ եղել։  Արկադին, առհասարակ, եկավ, մեծ դժվարությամբ քայլելով, բայց ավելի մեծ նվեր, քան իր քայլելը Նոր տարուն, չունեի»:

Ռեկտորն ասում է, որ հիվանդանոցի բակում գտնվող սրճարանը տրամադրվելու է տղաներին։ Նրանք կկարողանան այստեղ աշխատել եւ իրենց գործարար ծրագրերն իրականացնել։

Ցուցադրել ավելի
Back to top button