Քաղաքական

Վարչապետի փոփոխություն չի սպասվում, իսկ նախարարների՞


Ապրիլի 9-ին ԿԸՀ-ն կհայատարարի  ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալները: Եթե    բողոքարկումներ չլինեն, ապա նոր խորհրդարանը ձևավորված կլինի այդ օրը:  Եթե ԱԺ-ն ձեւավորվի  ապրիլի 9-ին, ապա երրորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 27-ին ,  տեղի կունենա նոր խորհրդարանի առաջին նիստը: Կառավարության ձևավորման հարցում դեռ գործում են  2005 թվականին ընդունված Սահմանադրության դրույթները: Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունն իր լիազորությունները վայր  կդնի,  որից հետո 10 օրվա ընթացքում  կնշանակվի  նոր վարչապետ:  Հ
ետո կձևավորվի նոր կառավարությունը:  Հայաստանի հանրապետական կուսակցությունը բազմիցս հայտարարել է՝ եթե հաղթեն  խորհրդարանական ընտրություններում, Կարեն Կարապետյանը կշարունակի  պաշտոնավարել: Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Հաջորդ ամիս արդեն նոր կառավարությունը ձևավորված կլինի: Այս կառավարությունն էլ հին չէ, ընդամենը վեց ամիս առաջ է ձևավորվել: Սա և երկար, և կարճ ժամանակ է, այսպես ասենք, քննությունը հանձնելու համար:  Թե ովքեր չեն լինի նոր կառավարության կազմում, առայժմ հստակ չէ: Փորձագետները, սակայն, նրանց գործունեությունը որոշակիորեն  գնահատել կարողանում են:

Շուրջ քսան օրից նոր խորհրդարանն իր առաջին նիստը կանցկացնի: Դրանից հետո նոր վարչապետ կնշանակվի: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է՝ իրենց հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի աշխատել: Իշխող քաղաքական ուժը հաղթել է, ուստի վարչապետի փոփոխություն առաջիկայում չի սպասվում:  Փոխարենը՝ կախված զարգացումներից, կառավարության կազմում փոփոխություններ կլինեն:   Թե ովքեր չեն լինի կառավարության կազմում, հստակ չէ: Մեկ անուն, այդուհանդերձ, Կարեն Կարապետյանի  կառավարության կազմում չի լինի.

«Միհրան Պողոսյանը կառավարության կազմում չի լինի»:

Մյուսների համար սպասման փուլ է: Նրանք աշխատել են մոտ յոթ ամիս, ուստի և նրանց աշխատանքի հետ կապված որոշակի գնահատականներ հնարավոր է տալ:

«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակում  ընդգրկված  տնտեսագետ Վահագն Խաչատրյանն է զրուցակիցս: Կա արդյո՞ք կառավարության՝ տնտեսական բլոկում նախարարների փոփոխության անհրաժեշտություն՝ հարցնում եմ.

«Հայաստանի տնտեսական խնդիրների լուծումը տնտեսական դաշտում չէ, այլ՝ քաղաքական», — տնտեսագետը վստահ է, որ անձերի փոփոխությունը, ցավոք սրտի, որևէ էական փոփոխություն մեր կյանքում, առավել ևս՝ տնտեսական դաշտում չի առաջացնի:

Տնտեսական  ու սոցիալական կյանքում փոփոխություններ արձանագրելու համար նաև կարևոր է, թե ովքեր են ոլորտի պատասխանատուները:  Տնտեսագետ Գագիկ Մակարյանը վստահ է՝ կառավարության կազմում փոփոխություններ կլինեն: Դեռ անուններ չի տալիս, սակայն պնդում է՝ նախարարությունները մասնագետների թարմացման կարիք ունեն: Գերատեսչությունների ղեկավարները՝ նույնպես:

Տնտեսագետ, « Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված  Վարդան Բոստանջյանը եւս  անուններ չի տալիս, սակայն նշում է, որ  հատկապես տնտեսության կարևորագույն ճյուղերի ղեկավարները  պետք է ավելի համարձակ ու   լայնախոհ  լինեն:

«Կաշկանդվածներ, փոքր-ինչ վախեցածներ, սուբյեկտիվ նկրտումներ ունեցողներ կառավարությունում կան: Կուզենայի, որ նոր կառավարությունում նրանք չլինեին»:

ԳՀՄՆ Գագիկ Մակարյանը նշում է, որ Հայաստանում մասնագետների պակաս կա: Շատ հաճախ են դիմում իրենց ու մասնագետներ խնդրում:  Իսկ այն, որ հանրապետությունում կադրերի պակաս կա՝ խոստովանում է  նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելին, ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նա խնդրեց օգնել իրեն.

«Պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստային հարթակն այնքան էլ մեծ չի: Եթե ունեք լավ կադրեր, որոնք կարող են որոշակի ոլորտներ կառավարել, ես շնորհակալ կլինեմ:  Ռեգուլյար տեղեր են առաջանալու, որ մենք կադրերի կարիք ենք ունենալու»:

Թե հներից ովքեր  ինչպես  այս ընթացքում իրենց դրսևորեցին,  արդարացրեցի՞ն արդյոք Կարեն Կարապետյանի սպասելիքները,  և ընդհանրապես  «հանձնեցին քննությունը», թե՝ ոչ, պարզ կլինի նոր կառավարության ձևավորումից հետո միայն:

Ցուցադրել ավելի
Back to top button