Մշակույթ

Մեկնարկեց թանգարանների «կուրատորների» դասընթացը


ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեն՝ Մշակույթի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ ապրիլի 5-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում  կազմակերպում է «Թանգարանային ցուցադրություն. նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց՝ ոլորտի հայ մասնագետների համար: Դասընթացը կվարեն ԱՄՆ Մետրոպոլիտեն և Սմիթսոնյան թանգարանների, Բրիտանական թանգարանի, ինչպես նաև ԻԿՕՄ Հայաստանի  ազգային կոմիտեից  ընդգրկված փորձագետները:

Հայաստանի ազգային պատկերասրահում  այսօր մեկնարկեց  «Թանգարանային ցուցադրություն. նախագծում և դիզայն» խորագրով դասընթացը, որը կշարունակվի մինչև ապրիլի 8-ը:

Ի՞նչ ենք ակնկալում այս դասընթացից:  Ըստ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ առաջին հերթին թանգարանային գործում աշխարհի հետ համահավասար քայլելու հնարավորություն:  Անընդհատ փոփոխվող աշխարհում, ըստ նրա,  մենք կարիք ունենք փորձի փոխանակման, նոր հարթակների ստեղծման, ցանցային նոր լուծումների:

«Կալիֆորնիայում կա մի  քաղաք՝ Սան Լուիս Աբիսպո, որտեղ, ըստ իրենց կարգախոսի , ապրում են աշխարհի ամենաերջանիկ մարդիկ: Քաղաքն ունի  թանգարան, որի մի պատին ամրացված են օգտագործած մաստակներ: Այս  քաղաք այցելողների 90 տոկոսը գալիս է այդ պատը տեսնելու, և թանգարանի այցելուների թիվը, որքան էլ ցավալի է խոստովանել,  ավելին է քան մեր բոլոր թանգարանների այցելունների ընդհանուր թիվը ՝ տարվա կտրվածքով: Այս առումով անհրաժեշտ է վերատեսության ենթարկել մեր պատկերացումները թանգարանային գործի վերաբերյալ, հակառակ դեպքում՝ Ծխախոտի, Մերժված սիրո պատմությունների կամ, այսպես ասած, Fast food-ի թանգարանները կարող են ստվերել հազարամյակների պատմությունն ու մշակույթը կրող և  ներկայացնող մեր թանգարանները»:

«Մենք պետք է աշխատենք նոր մտածողությամբ՝ որդեգրելով նոր տեխնոլոգիաներ, վիրտուալ հարթակներ, մեր աշխատանքում ներգրավելով ՏՏ ոլորտը: Թանգարանների կրթական և գիտական աշխատանքը պետք է համատեղել աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ»:

Արմեն Ամիրյանի խոսքով՝  դասընթացը միտված է  հենց դրան՝ ճիշտ մենեջմենտ, արվեստի ճիշտ կառավարում: Թիրախում Հայաստանի բոլոր թանգարաններն են, մասնավորապես՝ մարզային»,-ասաց Արմեն Ամիրյանը:

ԻԿՕՄ Հայաստանի նախագահ Մարինե Հարոյանն իր խոսքում նշեց, որ ստեղծման առաջին  իսկ օրից կազմակերպության գերակա խնդիրներից է եղել  թանգարանների աշխատողների վերապատրաստումը, որովհետև արագ փոփոխվող աշխարհում փոխվում են նաև թանգարանների այցելունները, նրանց պահանջները:

«Վերջին տարիներին աշխարհի հեղինակավոր թանգարաններում տեղի են ունեցել առանձքային փոփոխություններ  հատկապես ցուցադրությունների կազմակերպման ոլորտում: Մեզ համար շատ կարևոր է ունենալ այդ թանգարնների փորձը, որպեսզի  Հայաստանում ևս  ձևավորենք  կուրատորական  այդ   ինստիտուտը»:

«Թանգարանային ցուցադրություն. նախագծում և դիզայն» խորագրով դասընթացը կվարեն ԱՄՆ Մետրոպոլիտեն և Սմիթսոնյան թանգարանների, Բրիտանական թանգարանի, ինչպես նաև ԻԿՕՄ Հայաստանի  ազգային կոմիտեից  ընդգրկված փորձագետները: Մասնակիցների թվում են Հայաստանի և Ջավախքի 25 թանգարնների աշխատակիցներ, անկախ կուրատորներ, «Իմ Հայաստան» ծրագրում ընդգրկված հինգ մարզային թանգարնների աշխատակիցներ:

«Այս միջոցառումն ինչ-որ առումով կապված է 2018-ի սեպտեմբերի 21-ին Մետրոպոլիտեն  արվեստի թանգարանում նախատեսվող Հայաստանի մշակույթը ներկայացնող ցուցահանդեսի հետ»,-ասաց Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն  Էվանսը: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի կառավարությանը՝ 2008 թվականին Մետրոպոլիտենին նվիրած հայկական խաչքարի համար, որը ներկայացված է թանգարանի մշտական ցուցադրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button