Հասարակություն

Խնդիրների եւ ուռիների մեջ թաղված Ուռուտը


Հայաստանի հյուսիսում գտնվող գրեթե սահմանապահ փոքրիկ գյուղերից մեկը՝ Ուռուտ համայնքը օտարերկրացիներին ներկայանալու համար ունի 4-րդ դարից պահպանված բազիլիկ եկեղեցի, իսկ հպարտանալու առիթները շատ են՝ պետությանը տվել են գիտությունների դոկտոր, միջուկային ֆիզիկոս ու նաեւ քառօրյա պատերազմի մասնակից հերոս տղաներ, որոնք պատերազմից հետո վերադարձել են հայրենի գյուղ՝ չնայած նրան, որ արտագաղթը այդ համայնքում շատ մեծ ծավալների է հասնում:

 

Խիստ անբարեկարգ ճանապարհներ եւ առավելագույնը 10 գյուղացի: Սա այն պատկերն էր, որին հանդիպեցի Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Ուռուտ գյուղում: Պաշտոնական տվյալների համաձայն, ասում են, որ այստեղ այսօր բնակվում է 1200 բնակիչ, բայց փողոցները դատարկ են: Հսկայական քանդված շենքից քիչ այն կողմ արեւածաղիկ էին ուտում երկու երիտասարդ: Ուռուտեցի երեխաները ոչ միայն գիտեն իրենց գյուղի անվանման պատմությունը, այլեւ մեր զրույցի հենց սկզբից առանց որեւէ ակնարկի պատասխանում են թերեւս կարեւորագույն հարցին:

«Ինչու ուռուտ, որովհետեւ ուռիների մեջ է թաղված եղել գյուղը, բայց այստեղ էլ ապրել չի լինում»:

Իսկ ինչու՞ հնարավոր չէ ապրել մի գյուղում, որը ժամանակին ունեցել է մի շարք ձեռնարկություններ: Օրինակ՝ Սպիտակի տեքստիլի գործարանի մասնաճյուղը, պանրի մեծ  գործարան եւ անասնապահական ֆերմաներ: Պարզվում է՝ շատ վաղուց այս տարածքները վաճառվել են եւ այդպես էլ անգործության մատնվել: Ուռուտեցիները թեեւ ոգեւորությամբ են ընդունում վարչապետի ներդրումային ծրագրերի նախաձեռնությունները, փորձում են տարբերակներ գտնել դրանց մասնակցելու,  բայց հետաքրքրությունից այն կողմ աշխատանքներն առաջ չեն անցնում: Ասում են՝ տուն չկա, որ վարկ չունենա կամ որեւէ մեկի երաշխավորը չլինի: Այս պայմաններում նորը դժվար թե ստանան:

Կենցաղային խնդիրները ակնառու օրինակով փորձում է ներկայացնել Ուռուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Օհանյանը: Ուռուտ համայնքի ղեկավար Սերգո Ջուլհակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացնում է  բոլորովին այլ իրականություն:

Ի դեպ, գյուղում աչքի ընկնող քանդված հսկայական շենքը հենց Մշակույթի տունն է, որի ճակատագիրը կանխորոշեց 1988 թվականի երկրաշարժը: «Մշակութային կյանքի», եթե այդպես կարելի է ասել, դրսեւորումները ուռուտեցիների համար բացառապես միջնակարգ դպրոցում կազմակերպվող հանդեսներն ու երեկոներն են: Այլ դահլիճ չկա, չկա նաեւ ժամանցի այլ վայր: Ուռուտեցիներն ավանդաբար ակտիվ մասնակցում են բոլոր ընտրություններին՝ կյանքը փոքր- ինչ շրջելու ակնկալիքով: Ուռուտի միջնակարգ դպրոցի տնօրենը սրտնեղում է, երբ լսում է, թե ուսուցիչներին մեղադրում են ընտրական գործընթացներին խառնվելու համար:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին ավանդաբար այս տարածքից ընտրվող պատգամավորը Հանրապետական կուսակցությունից Կարեն Կարապետյանն է: Ասում են՝ սա արդեն, այսպես ասենք, իր տարածքն է:

Ցուցադրել ավելի
Back to top button