ԿարևորՔաղաքական

Ագրամունտի պաշտոնին մնալու հարցը՝ ԵԽԽՎ-ում


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն օրերս  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին նամակ էր հղել  և  կոչ արել ընթացք տալ ԵԽԽՎ պատգամավորներին վերաբերող  կոռուպցիոն սկանդալները հետաքննող մարմին ստեղծելու նախաձեռնությունը: Մինչ Ագրամանունտը կմտածի, թե ինչպես արձագանքել նամակին, իրադարաձությունները այլ ընթացք են ստանում: Չի բացառվում, որ ապրիլյան նստաշրջանի ժամանակ քննարկվի հենց Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Նրան առաջադրած ԵԺԿ-ում  դժգոհություններ են հասունացել և բացատրություններ են պահանջվում: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ապրիլի 24-ին Վեհաժողովում սկանդալային քննարկումներ  է կանխատեսել:

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանը թեժ քննարկումներ ու շրջադարձեր է խոստանում և դրանց առանցքային դերակատարը լինելու է հենց կառույցի ղեկավարը: Չի բացառվում, որ գարնանային նստաշրջանը  վերջինը դառնա վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի համար:

« Պեդրո Ադրամունդի՝ Սիրիա կատարած վերջին այցելությունից հետո մեծ աղմուկ է բարձրացել    ԵԽԽՎ պատգամավորների շրջանում: Որպես դրանց արձագանք, ԵԺԿ խմբակցության ղեկավար Ակսել Ֆիշերն իր անունից նախաձեռնել է բանաձևի նախագիծ, որն ուղղված է Ագրամունտի քայլերի դատապարտմանը: Այլ կերպ,  քան քաղաքական ճգնաժամ  ԵԽԽՎ-ում, սա անվանել հնարավոր չէ»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆրամանյանի գնահատականն է:  Իսկ Ագրամունտի գործողություններից դժգության հերթական առիթը Պետդումայի պատգամավորների հետ Սիրիա կատարած այցելությունն է:  Եվրապատվիրակների շրջանում այն միանշանակ չի ընկալվել,  նախ և առաջ այն  պատճառով, որ Ագրամունտը Վեհաժողովի կամ նրա որևէ կառույցի կողմից լիազորված չի եղել նման այցելություն կատարելու: Այդ դժգություններն էլ հենց վերածվել են բանաձևի նախագծի՝ գրված անձամբ ԵԺԿ խմբակցության ղեկավարի կողմից:

«Բնաձևի նախագծում սևով սպիտակի վրա գրված է, որ ԵԽԽՎ-ում աղմուկ բարձրացրած  կոռուպցիոն սկանդալների ֆոնին ԵԽԽՎ նախագահի վերջին գործողությունները ևս մեկ հարված են հասցնում այս կառուցի հեղինակությանը և կասկածի տակ են առնում նրա անկողմնակալությունը»:

Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ  քաղաքական ճգնաժամի քաղաքակիրթ ելքը հրաժարականն է. լինելով ԵԺԿ ներկայացուցիչ  և կորցնելով այդ կուսակցության վստահությունը՝ Ագրամունտն այլ ճանապարհ չունի: Համենայն դեպս, Ագրամունտի գործողությունները դատապարտողի  կամ առնվազն պատասխաններ պահանջողի դերում արդեն  նրան այդ պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը տված խմբակցությունն է:

Ագրամունտի կողմնակալ դիրքորոշումների մասին Ստրասբուրգում ամենից հաճախ թերևս խոսել են հայ պատվիրակները:  Կառույցի ղեկավարի անթաքույց ադրբեջանամետ կեցվածքը մատնանշելու և դատապարտելու  բազմաթիվ առիթներ են եղել:

Ի դեպ, վերջերս  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն էր  Ագրամունտին նամակ հղել և  հիշեցրել, որ դեռևս հունվարին ԵԽԽՎ բյուրոն որոշել է  ԵԽԽՎ պատգամավորների կոռուպցիոն սկանդալներին ուսունմասիրող  կառույց ստեղծել ։ Մարտին, սակայն,  Մադրիդում կայացած հանդիպման ժամանակ բյուրոն համաձայնության չէր  եկել և հետաձգել էր  հարցի քննարկումը մինչև ապրիլ:

Այս ձգձգումը մտահոգել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Յագլանդը Ագրամունտին  հորդորել  էր  չհապաղել և արագացնել հետաքննության անկախ մարմնի ստեղծման մասին որոշման ընդունումը:  Իսկ ԵԽԽՎ պատգամավորների կոռուպցիոն սկանդալների մեծ մասն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանին։

Ամենաաղմկահարույց դեպքը իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեինն էր:   Միլանի դատախազությունը բացահայտել էր, որ նա Ադրբեջանի օգտին, բայց վեհաժողովում քննարկվող  բանաձևերից մեկի դեմ քվեարկելու համար ստացել է 1 մլն դոլարից ավելի կաշառք: Այդքան արժեցել էր  Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Քրիստոֆ Շտրասերի պատրաստած զեկույցին իտալացի պատգամավորի դեմ քվեարկությունը:

Ադրբեջանական հետքով  կոռուպցիոն պատմությունները հասել էին նաև  Իսպանիայի Սենատ, որտեղ  արդեն բացատրություն էին պահանջել  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտից կրկին ադրբերջանական առնչությունների վերաբերյալ: Հիմա Ագրամունտը պետք է բացատրություններ ներկայացնի ԵԽԽՎ-ին ու ԵԺԿ-ին: Այս ամենի մեջ կա հայկական պատվիրակության աշխատանքի արդյունքը՝ ասում է Սամվել Ֆարմանյանը:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 24-ին: Մեր պատվիրակները կարևոր ու թեժ քննարկումներ են կանխատեսում և նկատում, որ դրանք բաց թողնել չեն կարող:  Ի դեպ, այդ նստաշրջանին կմասնակցի դեռևս նախորդ գումարման խորհրդարանի պատվիրակությունը: Նրան լիազորություններն ուժի մեւ են մինչև մայիսի 30-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button