Քաղաքական

Աժ ընտրությունների ֆանտաստիկ խոստումները

Ընտրություններն արդեն ավարտվեցին ու գրեթե պարզ է, թե ովքեր են լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում: Սակայն վերհիշենք, թե  այդքան բաղձալի մանդատ ձեռք բերելու համար  ինչ ջանքեր  գործադրեցին եւ խոստումներ տվեցին պատգամավորության թեկնածուները։ Եղան նաեւ ֆանտաստիկ խոստումներ։

«Հայկական վերածնունդը», նախկին «Օրինաց երկիրը» քարոզարշավն սկսեց շատ մարտական։ Թեկնածուները նշում էին, որ ընտրվելու դեպքում կբացեն Հայաստանում գտնվող նավթի պաշարները, սակայն  նավթ ունենալն էլ չգայթակղեց ժողովրդին։ Բայց մինչ այդ Հեղինե Բիշարյանը  կոչով դիմեց իրենց հետ պայքարող քաղաքական ուժերին, կոչ, որի մեջ կարելի էր անգամ սպառնալիք տեսնել։

Չնայած այս կուսակցությունը փոխեց իր անունը, բայց չփոխեց  ձայնագրված ծափերի մշակույթը։ ՕԵԿ- ից «Հայկական վերածննդի» վերածված կուսակցության մոտ կարծես չգրված օրենք լինի՝ առաջնորդի ելութի ժամանակ  պետք  է  հնչեն ծափեր  ու  եթե ժողովուրդը ծափ չտա, իրենք ունեն այդ ձայնագրված  ծափերը դեռ 2012 թ.- ից:

Խոստումների առումով աչքի ընկավ «Ծառուկյան» դաշինքը։ Բայց մինչ խոստումներին հասնելը՝ Գագիկ Ծառուկյանը բացահայտեց, որ Հարվարդ չի ավարտել։ Դրա փոխարեն ավարտել է կյանքի դպրոցն ու Աստծո շնորհիվ է հասել  եղածին:

Պարզվեց որ քարոզարշավի ժամանակ ոչ միայն Ծառուկյան է խոստումներ տալիս, այլև իրեն են խոստումներ տալիս։ Անգամ փշաքաղվել է այդ խոստումներից։ Ծառուկյանի ընկերներն ասել  են՝ հաղթելու դեպքում 15 մլրդ դոլար ներդրում  կանեն  Հայաստանում։ Ներդրումներ հիմա կլինեն, թե ոչ՝ մնում է առկախ, բայց մամուլը պարզեց, որ դրանք գալու են Արաբական Միացյալ Էմիրություններից։ Այս երկրի մասին Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ հիշեց քարոզարշավում:

Ներդրումներ խոստանում էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ներդրումների խոստումների պայքարում հաղթեցին կոմունիստները։ Հայկոմկուսի առաջնորդ Տաճատ Սարգսյանը ազդարարեց. «Կլինի 17 միլիարդի ներդրում»:

Այս ընտրությունները արձանագրեցին մի փաստ եւս. շատերը չգիտեին, որ նվիրատվությունը ընտրակաշառք է։ Չիմացողներից էր ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը։ Գնաց  քարոզարշավի ու տեղում որոշեց ասֆալատապատել այդ գյուղը։

Այս ամենը իհարկե չվրիպեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի աչքից։ Նրա նկատողությունը չուշացավ։ Չուշացավ նաեւ թեկնածուների արձագանքը՝ ժողովրդին չեն կարող օգնել, քանի որ Մուկուչյանը չի թողնում։

Իհարկե  քարոզարշավը  զերծ չմնաց լիրիկան զեղումներից։ Գրեթե բոլոր տեղերում վարչապետ Կարեն Կարապետյանը  սիրո խոստովանությունների  պակաս չէր զգում,  անգամ  ձայնը  կտրվեց, բայց  դրանով նրա հմայքը չպակասեց, իսկ  հանդիպումներից մեկի ժամանակ  էլ  ուսուցչուհիներից մեկը  չդիմացավ ու արտահայտեց իր սերն առ վարչապետ:

Կսմիթներ ու խայթոցները նույնպես կազմեցին քարոզարշավի բաղկացուցիչ մասը:

Ինչևէ՝ քարոզարշավը բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ։ Մասնակից բոլոր ուժերը գոհ մնացին լուսաբանումից։ Ու թեև  ընտրությունների օրը էլեկտրոնային սարքը չճանաչեց հանրապետության ոչ առաջին, ոչ ներկա նախագահների մատնահետքերը, բայց ընդհանուր առմամբ ընտրություններն անցան առանց լարվածության ու լուրջ ընտրախախտումների։

Ու դրա վկայություն այն է, որ մասնակից ուժերը հաջորդ օրն իսկ հայտարարեցին՝ չեն բողոքարկելու քվեարկության արդյունքները, չեն մասնակցելու հետընտրական որևէ գործողության։

Ցուցադրել ավելի
Back to top button