Հասարակություն

«1000 դրամներ». առաջին երկու փոխհատուցումը տրված է


Անցյալ տարվա վերջին 84 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Պարզ ասած՝ այս տարվա հունվարից արդեն ստեղծվեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամը եւ սկսեց գործել այսպես կոչված «1000 դրամների» համակարգը: Այսօր արդեն կարելի է խոսել առաջին փոխհատուցումների մասին:

 

 

Մարտի 21-ը այն օրն էր, երբ առաջին անգամ կիրառվեց մեր բոլորի կողմից հազար դրամների փոխանցմամբ ձեւավորված հիմնադրամի փոխհատուցումը՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

19-ամյա Գոռ Գարեգինյանը եւ Անդրանիկ Մուսիկյանը ժամկետային ծառայությունն իրականացնում էին Արցախում: Զոհվեցին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով,  մի քանի օրվա տարբերությամբ: Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բնակիչ Անդրանիկը զոհվեց հունվարի 18-ին, Գոռը Շիրակի մարզի Շիրակ գյուղից էր։ Նա զոհվեց փետրվարի 6-ին: Նորաստեղծ հիմնադրամը այս զինծառայողների ընտանիքներին արդեն տրամադրել է օրենքով նախատեսված փոխհատուցումը: Շահառու ընտանիքներն իրենց համար բացված հատուկ հաշիվներին բացի 10-ական միլիոն միանվագ փոխհատուցումից հիմնադրամից լրացուցիչ կստանան ամսական 200 000-ական դրամ` 20 տարվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվարից ՀՀ ԶՈՒ-ում հրազենային վիրավորումներից մահացել է 10 զինծառայող: Ինչու այդ 10-ից ընդամենը երկու դեպքում է տրվել փոխհատուցում. հարցով «Ռադիոլուրը» դիմեց եւ հիմնադրամին, եւ պաշտպանության նախարարությանը: Այնտեղից մեզ բացատրեցին, որ գոյություն ունի համապատասխան ընթացակարգ: Հիմնադրամը պատասխանատու է միայն փոխհատուցումների համար այն դեպքերի մասով, որոնց հաստատումը տվել է պաշտպանության նախարարությունը: Իսկ պաշտպանության նախարարության գործառույթների մեջ է մտնում դեպքի պահից սկսած քրեական գործի հարուցումը, վարույթի ընթացքը եւ դեպքի բոլոր հանգամանքների ճշտումը՝ մեզ հետ զրույցում ասաց  նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վստահեցմամբ՝ փորձել են ստեղծել բոլոր գործիքները՝ հանրության շրջանում հիմնադրամի աշխատանքի հանդեպ վստահությունը բարձրացնելու համար: Օրինակ՝ հիմնադրամի կառավարման խորհրդում ներկայացված են երեքական ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, կառավարությունից ու քաղաքացիական հասարակությունից: Կան նաեւ վերահսկման այլ մեխանիզմներ:

Օգտվելով նախարարի հորդորից՝ հենց կայքի միջոցով «Ռադիոլուրը» ստուգեց եւ պարզեց, որ այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվում կա 922 միլիոն 655 հազար 495 դրամ, կատարված փոխհատուցման ծավալը՝ համապատասխանաբար 20 միլիոն 400 հազար է:  Հենց կայքի միջոցով կարելի է ծանոթանալ նաեւ տարբեր դեպքերի համար նախատեսված փոխհատուցման սահմանված չափին: Հիմնադրամի կառավարման հարցում պետությունը գնացել է վստահությունը բարձրացնող եւս մեկ լրացուցիչ քայլի, որը պետք է կիրառվի նոր խորհրդարանի ձեւավորումից հետո:

Ի դեպ, պաշտոնապես հայտնի չէ, թե նոր խորհրդարանում որն ուժը կլինի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը։ Բայց ամեն դեպքում, պաշտպանության նախարարությունը նոր խորհրդարանի համար պատրաստել է նաեւ մեկ այլ՝ նոր նախաձեռնություն: Բայց առաջինը խորհրդակցելու են քաղաքացիական հասարակության հետ՝ խոստանում է Վիգեն Սարգսյանը:

Ամեն դեպքում, Վիգեն Սարգսյանն ասում է, որ իր պատվի հարցն է, որ սահմանին կանգնած զինծառայողն իրեն ապահով եւ հատկապես թիկունքից պաշտպանված զգա:

Ցուցադրել ավելի
Back to top button