Ֆրանսիայում հրկիզել են Հայ ավետարանական եկեղեցին


Ֆրանսիական Ալֆորտվիլ քաղաքի Հայ ավետարանական եկեղեցու վրա հարձակում են գործել՝ հրկիզելով այն: Հրդեհը բռնկվել է ապրիլի 2-ի առավոտյան ժամը 6-ի մոտակայքում, գրում է asbarez.com-ը: Հաղորդվում է, որ սա վերջին 12 ամսվա ընթացքում եկեղեցու վրա իրականացված երրորդ հարձակումն է:
Հաղորդումների համաձայն՝ կրակն արթնացրել է Հայր Ժիլբերտ Լևոնյանին և նրա կնոջը, որոնք ապրում են շինության առաջին հարկում:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Հաղորդվում է, որ հրկիզվել է եկեղեցու առաջ դրված աղբարկղը: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը՝ թույլ չտալով, որ այն տարածվի շենքի մնացած հատվածում:
Ութ օր առաջ անհայտ անձինք քարեր էին նետել եկեղեցու ուղղությամբ:
Լևոնյանը եկեղեցու քահանա է դարձել 18 ամիս առաջ և առաջնորդում է 30 մարդկանցից բաղկացած միաբանությունը:
Ալֆորտվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը դատապարտել է հարձակումը և իր համերաշխությունն է հայտնել եկեղեցու միաբանությանը և ղեկավարությանը: