Քաղաքական

Ձեւավորվեց ընտրությունների արդյունքներն ընդունելու հետաքրքիր մշակույթ


Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՝ նա հայտարարել է, որ մասնագիտական դաշտում խորհրդարանական ընտրությունների այս արդյունքները կանխատեսել էին։ Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նկատել է, որ ձեւավորվեց հետաքրքիր մշակույթ՝ բոլոր պարտված ուժերն ու չհաղթած, բայց խորհրդարան անցած ուժերը՝ փաստացի ընդունեցին ընտրությունների արդյունքները, մի մասն էլ շնորհավորեց խորհրդարան անցածներին եւ հետընտրական գործընթացներ չեն լինելու:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համար խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չեն: Ասաց, որ անձամբ իր համար անսպասելին «Հայկական վերածնունդ» կուսակցության արդյունքներն էին: Նրա դիտարկմամբ՝ հաշվի առնելով ադմինիստրատիվ ռեսուրսը և այլ հանգամանքներ՝ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պետք է կարողանար հաղթահարել հինգ տոկոսի շեմը: Սերգեյ Մինասյանը բավականին տպավորիչ է համարում «Ելք» դաշինքի արձանագրած արդյունքները: Անհասկանալի համարեց ՀԱԿ-ի՝ դաշինքով գնալու որոշումը, քանի որ որպես կուսակցություն հնարավոր է, որ հաղթահարեին 5 տոկոսի շեմը:

Ըստ քաղաքագետի՝ Դաշնակցության արդյունքների համար դրական դեր խաղացին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հարցազրույցները. «Առհասարակ այն տպավորությունը ստեղծվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր մանավանդ վերջին հարցազրույցով արեց ամեն ինչ, որ ՀԱԿ-ը չանցնի 5 տոկոսի շեմը»:

Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ի համար դրական դեր խաղաց հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ընդհանրապես, գոնե նախընտրական պայքարի ժամանակ Հանրապետականի այդ ռեբրենդինգը կարևոր էր»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այդ առնչությամբ հետեւյալ տեսակետը հայտնեց.

«Սասնա Ծռեր»-ից հետո իշխանությունն ինքն էլ հասկացավ, որ պետք է ինչ-որ բաներ փոխել: Բերեց Կարեն Կարապետյանին, որը ինչ-որ ռեֆորմներ սկսեց անել, որը, ես կարծում եմ, բավականին լուրջ ազդեցություն թողեց, որովհետեւ, ինչքան էլ ասենք ընտրակաշառք եւ այլն, եւ այլն, այնուամենայնիվ, բոլորս էլ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը շատ բարձր էր: Ընտրազանգվածի մի հատված, չսիրելով, ավելին՝ ատելով Հանրապետական կուսակցությանը, ձայն է տվել նրա համար, որ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ: Դա փաստ է»:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականը սպասվածից ավելի դրական է եղել: Թեև որոշակի քանակով ընտրախախտումներ եղել են, միևնույն է, նշվել է, որ խախտումներն արվել են նաև ոչ իշխանական ուժերի կողմից՝ նկատեց փորձագետը:

«Միջազգային դիտորդների գնահատականները ցույց են տալիս, որ որևէ խնդիր չի առաջանա ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար»:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընդդիմություն կլինի միայն «Ելք»-ը, իսկ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներն ավելի շատ կոնստրուկտիվ ընդդիմության դեր կխաղան: Նույն կարծիքին է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա ձեւակերպմամբ՝ Ծառուկյանը քաղաքական չէ, նրա դաշինքն ու «Ելք» դաշինքը գաղափարներով շատ հեռու են ու նրանց միջեւ միասնություն չի լինի:

Քաղաքագետն ու քաղտեխնոլոգը կարծում են, որ չնայած ՀՀԿ-ն միայնակ կարող է կառավարություն ձեւավորել, սակայն, այս անգամ եւս կձեւավորի կոալիցիա, որի մեջ կա քաղաքական տրամաբանություն: Վերլուծաբանները նաեւ կարծում են, որ խորհրդարան չանցած ուժերն առավել ակտիվություն կդրսեւորեն հասարակական-քաղաքական դաշտում՝ ուժեղացնելով քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը: Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգին՝ Կարեն Քոչարյանը նկատեց, որ ի տարբերություն համամասնական ցուցակների, ռեյտինգային ցուցակներում ոչ միշտ է, որ քաղաքական դեմքեր էին ընդգրկված:

«Ինձ համար անընդունելի է, երբ որ բիզնեսմենը, բարերարը, ընդ որում՝ շահարկելով դա, գալիս են պառլամենտ: Սա անընդունելի է, չի կարելի»:

Վերլուծաբանը միաժամանակ հավելեց, թե կա ռոմանտիկա, կա ցանկություն, բայց կա նաեւ ռեալ կյանք եւ պետք է հասկանալ, որ 100 տոկոսանոց քաղաքական խորհրդարան ունենալու համար ժամանակ է պետք:

Ցուցադրել ավելի
Back to top button