ԿարևորՄիջազգային

Պայթյուն՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում. կան զոհեր եւ վիրավորներ

Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում մոտ մեկ ժամ առաջ հզոր պայթյուն է որոտացել: Պաշտոնական տվյալներով զոհվել է առնվազն 10 մարդ, կա ավելի քան երկու տասնյակ վիրավոր: Պայթուցիկը նախնական տեղեկություններով տեղադրված է եղել մետրոյի վագոնում: Ականատեսները պատմել են, որ պայթյունի ալիքը բավականին հզոր է եղել, մետրոյի մի քանի վագոն ձևախեղվել է:

Մետրոյի 8 կայարաններ այժմ փակ են, իրականացվում է մարդկանց տարհանում: Տարածքը շրջապատված է ոստիկանների կողմից, դեպքի վայր են ժամանել տասնյակ շտապ օգնության մեքենաներ: Պայթյունը որոտացել է բանուկ ժամի, ականատեսների վկայությամբ պայթյունի պահին մետրոյի կայարանում եղել են հարյուրավոր մարդիկ, և հնարավոր է զոհերի թիվն ավելին լինի: Մետրոյի կայարանը, որտեղ պայթյուն է որոտացել գտնվում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի սրտում՝ Սեննայա հրապարակի մոտակայքում:

Սանկտ-Պետերբուրգում է գտնվում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, առաջիկա ժամերին նա պետք է հանդիպեր Բելառուսի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է կատարվածը, նա նշել է, որ դաշնային իշխանությունները անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն զոհվածների հարազատներին և վիրավորներին: Մոսկվայի մետրոյում պայթյունից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Ցուցադրել ավելի
Back to top button