Քաղաքական

Պարտված ուժերը՝ ընտրությունների մասին


Ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում  խորհրդարանական ընտրություններում  9 կուսակցություններից և կուսակցությունների դաշինքներից ԱԺ կանցնի միայն 4 ուժ: Իսկ ինչպես են ընտրությունները գնահատում այն ուժերը, որոնք այդպես էլ չեն հայտնվի խորհրդարանում։ Բացի Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, մնացած ուժերի ներկայացուցիչներից և ոչ մեկը հեռախոսազանգերին չպատասխանեց:


Հիշեցնենք, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նախընտրական քարոզչության շրջանակում հանդես է եկել Հայաստանի ավելի քան 30 գյուղերում, հանդիպել բնակչությանն ու ներկայացրել կուսակցության ծրագիրը: Հանդիպումների ընթացքում կուսակցության ներկայացուցիչները ստացել են բազմաթիվ առաջարկություններ ընտրողներից:

Ինչ վերաբերում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին, քաղաքական այս ուժի քարոզարշավը տարբերվում էր մյուսներից: Միայն քարոզարշավի ընթացքում տեղի ունեցան մի շարք միջադեպեր: «Ազատ դեմոկրատներ»-ը նախընտրեցին ընտրողների հետ ուղիղ շփումները՝ դռնից դուռ, տնից տուն, բակից բակ հանդիպումների տեսքով: Հանրահավաքներ քարոզարշավի ընթացքում չեն եղել: Քաղաքական այս ուժի թեկնածուները զրուցում էին պատահական անցորդների հետ: Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, իր կարծիքն ընտրությունների մասին Ազատ Դեմոկրատներ կուսակցության թեկնածու Ստեփան Սաֆարյանը հայտնել է ընտրություններից անմիջապես հետո:

Քիչ, սակայն բակային հանդիպումներ նաեւ «Հայկական վերածնունդ»-ը անցկացրեց: Հիմնական շեշտադրումը դրվել էր դահլիճային հանդիպումների վրա: Թեև դա էլ չօգնեց հաղթել ընտրություններում: Այնուամենայնիվ՝ ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները և քաղաքական այս ուժը ևս  հանդես եկավ հետընտրական հայտարարությամբ:

Դրանում նշված է՝ «Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների և օլիգարխիկ խմբավորումների  ակտիվ ներգրավումը ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:  Կուսակցությունը փաստում է, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական կուսակցությունները, շնորհիվ հեռուստատեսային համակողմանի լուսաբանման, հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, սակայն գաղափարական գործոնը իր դերը զիջեց նյութական և վարչական գործոններին: Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցատումների և հանրահավաքների»:

Խաղաղություն ու բարիդրացիական կարգախոսները հաղթանակ չբերեցին նաև ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին: Քաղաքական այս ուժին հաղթանակ չբերեց անգամ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հարցազրույցները, որոնք լուրջ քննարկման առարկա դարձան տարբեր ուժերի կողմից:  Դաշինքի քարոզարշավն ավարտվեց հանրահավաքով և խաղաղության երթով: Դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր- Պետրոսյանը եւս հայտարարություն հրապարակեց։

Ներկայացնենք հատվածներ. «Անկախ ընտրությունների արդյունքից, սակայն, անհրաժեշտ եմ համարում կատարել հետեւյալ երկու անառարկելի արձանագրումները. առաջին՝ Հայ ազգային կոնգրեսին հաջողվեց Ղարաբաղյան կարգավորման խնդիրը դարձնել Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հարց, ինչը մեր հակառակորդներն անգամ չեն ժխտում. եւ երկրորդ՝ կարճ ժամանակում ստեղծվեց «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշանաբանի շուրջ ձեւավորված, թեկուզ առայժմ ոչ զանգվածային, հասարակական շարժում, որի հետագա ծավալմանը ես ամենեւին չեմ կասկածում։ Դա հավատավորների շարժում է, որը Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնացող վերահաս աղետը կանխելուց բացի, այլ նպատակ չի հետապնդում»։

Արձանագրելով, որ ընտրություններում ԱԺ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը ձեռնպահը էին լրագրողների հետ հանդիպումից, պիտի ենթադրել, որ արդյունքները անսպասելի են եղել իրենց համար։  

Ցուցադրել ավելի
Back to top button