Քաղաքական

Հրապարակվել է ԱՊՀ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը


Ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին գնահատականով այսօր շտապեցին հանդես գալ ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները: Ոմանք չթաքցրեցին, որ առաքելության սկզբում կասկածի տակ էին դնում Հայաստանի ԸՕ-ի բարդ նորամուծությունները եւ անհամբեր սպասում էին, թե ինչպես էին դրանք կիրառվելու: ԱՊՀ դիտորդներն արձանագրել են որոշ թերություններ հատկապես տեխնիկական սարքավորումների հետ կապված, որոնք բարդացնում էին նաեւ տարեց ընտրողների քվեարկությունը: «Բայց դրանք չդարձան ընտրությունների լուրջ խոչընդոտ»,- այսօր հայտարարել են ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները: Այսօր հրապարակվել է առաքելության նախնական եզրակացությունը:

 

ԱՊՀ դիտորդական առաքելությունն ավարտեց իր աշխատանքը Հայաստանում: Նախընտրական քարոզարշավից մինչեւ ձայների հաշվարկ գործընթացներին հետեւել է 172 դիտորդ, եղել են ՀՀ բոլոր մարզերում, 1215 ընտրատեղամասում: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը այսօր հրապարակեց առաքելության նախնական գնահատականները: 15 էջանոց վերջնական եզրակացությունը  կտեղադրեն իրենց պաշտոնական կայքում մի քանի օր հետո՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: ԱՊՀ դիտորդները նշում են՝ տեսել են որոշ խախտումներ եւ խնդիրներ, որոնք, սակայն, չեն ազդել ընտրությունների ընդհանուր պատկերի վրա: Երեկ մինչեւ օրվա վերջը պաշտոնական դիմում-բողոք չեն ստացել քաղաքական ուժերի նախընտրական շտաբերից: Այսպիսով՝ ԱՊՀ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը հետեւյալն է.

«Այն, ինչ մենք տեսել ենք թողել է դրական տպավորություն: Մեր կարծիքով ընտրություններն անցել են բավականին հանգիստ, կազմակերպված, ազատ էին, թափանցիկ եւ բաց»:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն ընդգծում է՝ աշխատանքի ընթացքում հանդիպել են նաեւ այլ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հետ: Լեբեդեւի ներկայացմամբ՝ երեկ՝ օրվա ավարտին զրուցել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի հետ: Ընդգծում է, որ  երկու կառույցների գնահատականներն ու մոտեցումները տարեցտարի մոտենում են: Ռուս դիտորդն անգամ չի կասկածում, որ իրենց եվրոպացի դիտորդները նույնպես դրական գնահատական են հնչեցնելու հայաստանյան ընտրությունների վերաբերյալ:

« Ցանկանում ենք ասել, որ ընտրությունների բաց եւ թափանցիկության տեսանկյունից մեր հայ գործընկերները նույնիսկ գերազանցեցին որոշ արեւմտյան երկրներին, որոնք փորձում են մեզ սովորեցնել, թե ինչպես է պետք անցկացնել ընտրությունները: Ես կարծում եմ, որ Հայաստանի այս փորձը դեռ հիմնովին կուսումասիրվի ԱՊՀ տարածքում եւ չեմ բացառում, որ որեւէ մի երկիր այն կիրառի նաեւ իր մոտ»:

Մեկ այլ համեմատություն առաջատար երկրների հետ Լեբեդեւն արեց, երբ խոսում էր վարչական ռեսուրսի կիրառման եւ առանձին թեկնածուների միջեւ ընտրապայքարի մասին:

« Շատերն ասում են, թե իշխող կուսակցությունը կիրառել է վարչական ռեսուրս: Բայց ես ուզում եմ ասել, որ դա նորմայի մեջ էր, այդ ամենը նորմայի սահմաններում էր: Բոլոր երկրներում է այդպես. չեն կարող չէ՞ պետական գործիչներն այդ ընթացքում դադարեցնել իրենց գործունեությունն ու օրինակ՝ չերևալ հեռուստացույցով, ԶԼՄ-ներով: Ուզում եմ ընդգծել նաեւ թեկնածուների, առավելապես քաղաքական ուժերի առաջնորդների կառուցողական մոտեցումը ընտրություններին: Խուսափեցին առճակատումներից եւ սեւ PR-ից, ինչից զերծ չեն մնում զարգացած երկրներում»:

Այն ԸՕ-ը, որն ընդունվեց Հայաստանում եզակին է ԱՊՀ ողջ տարածքում: Ընտրական նորամուծությունները քվեարկության գործընթացը դարձրին ավելի բաց եւ ավելի թափանցիկ: Սա ասելով՝ ԱՊՀ դիտորդներն, այնուամենայնիվ, արձանագրել են, որ տեխնիկական նորույթները փոքր-ինչ դժվարացրել էին ընտրական գործընթացը, հատկապես տարեցների համար: Արձանագրված մեկ այլ խնդիրը նույնպես առնչվում է տարեցներին: Շենքերի երկրորդ հարկերում տեղակայված ընտրատեղամասերը դժվարություններ էին առաջացնում մեծահասակների համար: «Մենք կցանկանայինք, որ Հայաստանը թույլ տար նրանց քվեարկել տանը՝ շարժական քվեատուփերի միջոցով»,- ընդամենն առաջարկի տեսքով նշեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button