Քաղաքական

Խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված. միջազգային դիտորդներ


Իրավական եւ տեխնիկական բարեփոխումները բարելավել են Հայաստանի լավ կազմակերպված ընտրությունները: Այս մասին այսօր հայտարարել են միջազգային դիտորդական կազմակերպությունների ղեկավարները՝ ներկայացնելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելությունների նախնական զեկույցը: Միջազգային դիտորդները, միաժամանակ, կարծիք են հայտնել, որ գործընթացի վրա հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ, իրենց ձեւակերպմամբ, հավաստի տեղեկատվությունը եւ ըտրողների վրա ճնշումները: Միջազգային դիտորդների նախնական զեկույցի վերաբերյալ մանրամասները՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

 

Միջազգային դիտորդներն արձանագրում են, որ ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված էին, ընդհանուր առմամբ՝ պահպանվել են հիմնարար ազատությունները: ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար եւ հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորի խոսքով՝ երեկվա ընտրությունները գծանշեցին առաջին քայլը Հայաստանում նոր քաղաքական համակարգ կառուցելու ճանապարհին. «Բայց փոփոխությունը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում: Բարեփոխումները երբեք չավարտվող գործընթաց են, եւ ես կոչ եմ անում խորհրդարանական մեծամասնությանը եւ նոր կառավարությանը՝ շարունակել իրենց ջանքերը՝ փոխակերպելու երկրի քաղաքական մշակույթը՝ համագործակցելով ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության հետ»:

Դիտորդներն անդրադարձել են նոր ԸՕ-ի ընդունանը, որը շատերի կողմից ընկալվել է որպես մեկ քայլ առաջ գործընթացի նկատմամբ վստահություն կառուցելու հարցում: Ընտրությունների օրինական շրջանակը համապարփակ է, բայց ոմանց կողմից քննադատության է արժանացել՝ որակվելով որպես չափազանց խրթին: Օրենսգրքի բարեփոխումների խնդրին անդարադարձավ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասկյեն:

«Քիչ կասկածներ կան առ այն, որ Հայաստանի քաղաքացիների նախորդ քվեարկությունից հետո ջանքեր են գործադրվել, ներառյալ կազմակերպչական բարեփոխումներ՝ ընտրական գործընթացի որակը բարձրացնելու ուղղությամբ: Իշխանություններին պետք է տուրք մատուցել այս նորն, բավականին բարդ ընտրական օրենսդրությունը ընտրազանգվածին շանոթացնելու ուղղությամբ կատարված աշխատանքների համար: Ցավալի է, որ չնայած այս բոլոր օրենսդրական եւ կազմակերպչական փոփոխություններին, այս ընտրությունները չվերացրին երկրում երկար ժամանակ գոյություն ունեցող կասկածները ընտրական գործընթացների վստահելիության եւ ազնվության նկատմամբ»:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ քվեարկության նոր տեխնոլոգիաների օգտագործումը միայն չի կարող վերականգնել վստահությունն ընտրությունների նկատմամբ, որոնք, նրա ձեւակերպմամբ, առանցքային են ճշմարիտ ժողովրդավարության մեջ, իսկ բարելավված օրենսդրությունն էլ արդյունավետ է միայն, եթե կիրառվում է բարեխղճորեն:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Գեյթ Յորգեն Բեքքեվոլդն էլ ասաց, թե՝ նոր ԸՕ-ն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում կանանց եւ փոքրամասնություններին: Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութոլան էլ իր հերթին նկատեց, որ ընտրական ընթացակարգը բարդ էր եւ ոչ միշտ էր հասկանալի ընտրողների համար: Այդուհանդերձ, ասաց նա, ընտրատեղամասերի անձնակազմը լուրջ ջանքեր է գործադրել՝ հարթ գործընթաց ապահովելու համար:

«Ցավոք, գործընթացը խարխլվել է ընտրակաշառքների վերաբերյալ հավաստի, կրկնվող տեղեկություններով, ընտրողների ահաբեկումներով, ինչպես նաեւ վարչական դիրքի չարաշահմամբ: ԵԽ-ն սերտորեն կաշխատի Հայաստանի ապագա ԱԺ-ի հետ՝ աջակցելու բարեփոխումներին եւ ժողովրդավարացմանը՝ համապատասխան ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մաս հանդիսացող մեր հանձնառության»:

ԸՆտրությունների օրն ընդհանուր առմամբ, հանգիստ էր, խաղաղ, բայց դիտորդները լարվածություն եւ ընտրողների նկատմամբ ահաբեկումներ են նկատել մի քանի ընտրատարածքներում, որտեղ այցելել են: Այս մասին նշեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենը.

«Այս ընտրություններին ընդառաջ ձեռնարկված միջոցները բարելավել են իրավիճակը քվեի գաղտնիության ուղղությամբ, ինչը կարեւոր քայլ էր գործընթացի նկատմամբ վստահությունն ամրապնդելու հարցում, բայց առավել հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ուղղված ընտրակաշառքների եւ ընտրողների վրա ճնշումների երկարատեւ փորձի կանխմանը»:

Յան Պետերսենը տեղեկացրեց, որ առաքելությունը կմնա Հայաստանում այս ու հաջորդ շաբաթվա ընթացքում, ինչը իրենց թույլ կտա հետեւել հետընտրական զարգացումներին, այդ թվում՝ արդյունքների ամբողջականացմանը եւ ցանկացած հնարավոր դիմումների կամ բողոքների կարգավորմանը: Միջազգային դիտորդները նաեւ արձանագրել են, որ խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ եւ լայնորեն կիրառվում է: Քարոզարշավը համաչափ է լուսաբանվել: Նշել են նաեւ, որ լրագրողները հայտարարել են բռնության եւ իրենց աշխատանքը խոչընդոտելու դեպքերի մասին: Դիտորդներն առաջիկայում  կամբողջացնեն եւ կներկայացնեն մեկ միջանկյալ զեկույց, իսկ ավելի ուշ՝ նաեւ  վերջնական զեկույցով հանդես կգան:

Ցուցադրել ավելի
Back to top button